Սիմոնյանը Բունդեսթագի փոխնախագահի հետ խոսել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը
Կողմերը կարևորել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն առնչվող հարցեր: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով և ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության ուղղությամբ: Նա շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ»,– ասված է հաղորդագրությունում:
Գերմանացի գործընկերը տեղեկացրել է, որ աչալրջորեն հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և համոզմունք է հայտնել, որ հակամարտությունների լուծման արդյունավետ ուղին խաղաղ բանակցություններն են:
Զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում եղել և շեշտադրվել է ԱԺ-ի և Բունդեսթագի միջև խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, համատեղ նախագծերի անհրաժեշտությունը:
«Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է: Մենք նաև բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպմանը քննարկվել է նաև Գերմանիայի հարուստ խորհրդարանական ավանդույթի մաս կազմող հանրահայտ Christian Prayer Breakfast-ների կազմակերպումը, ինչպես նաև վերականգնվող էներգիային վերաբերող գործնական հարցեր:
Կողմերը նաև մեծապես կարևորել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը: