Շրի Լանկան նոր նախագահ ունի

Ռանիլ Վիկրեմեսինգհե
Գոտաբայա Ռաջապակսան ավելի վաղ հրաժարվել էր Շրի Լանկայի նախագահի պաշտոնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Շրի Լանկայի նախագահ է ընտրվել երկրի գործող վարչապետ և պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռանիլ Վիկրեմեսինգհեն։ Տեղեկությունը հայտնել է խորհրդարանի գլխավոր քարտուղար Դհամիկա Դասանայակեն:
«Քվեարկության արդյունքներով Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետության ութերորդ նախագահ ընտրվեց Ռանիլ Վիկրեմեսինգհեն», - հայտարարել է հաշվիչ հանձնաժողովի նախագահը։
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում բազմահազարանոց բողոքի ցույցեր էին անցկացվել։ Նախատեսված խաղաղ երթի փոխարեն ցուցարարները ճեղքել էին ոստիկանական պատնեշն ու գրավել նախագահի նստավայրը։ Նախագահ Գոտաբայա Ռաջապակսային տարհանել էին։
Շրի Լանկայի նախագահը հեռացել է երկրից, ԱԺ նախագահը հրաժարվել է ղեկավարել երկիրը
Երկրի կուսակցությունների առաջնորդները արտահերթ նիստում նախագահին և վարչապետին կոչ էին արել հրաժարական տալ, ժամանակավոր նախագահ նշանակել խորհրդարանի խոսնակին, 30 օրվա ընթացքում խորհրդարանի անդամներից ընտրել պետության նոր ղեկավարի, ինչպես նաև նշանակել ժամանակավոր համակուսակցական կառավարություն և արտահերթ ընտրություններ անցկացնել:
Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակ Մահինդա Յափա Աբեիվարդենան հուլիսի 15-ին հայտնել էր, որ Ռաջապակսան հրաժարական է տվել։