Պետական դավաճանության համար դատապարտված կինն արդարություն է պահանջում

Այսօր պետական դավաճանության հետ կապված քրեական գործերը բավական շատ են։ Այն պատմությունը, որը մենք ենք ներկայացնում, 8 տարվա վաղեմություն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ կանայք են պահվում, պետական դավաճանության համար միայն 1-ն է դատապարտված։ 53-ամյա Կարինե Ղումաշյանը պատիժը կրում է 2015 թվականից` 6 տարի մեկուսարանում է անցկացրել, արդեն 1 տարի 2 ամիս է, ինչ նրան տեղափոխել են կիսաբաց ուղղիչ հիմնարկ։
«Աբովյան» ՔԿՀ այցի ժամանակ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է Կարինեի հետ այն մասին, թե ինչն է եղել պատճառը, որ նա հայտնվել է բանտի պատերից ներս։

Իր մեղքո՞վ, թե՞ թյուրիմացաբար է հայտնվել ՔԿՀ-ում

Կարինեն խոստովանում է, որ իր մեղքի բաժինն ունի, որ հայտնվել է անազատության մեջ, սակայն դա ավելի շատ թյուրիմացություն է։ Ինքն իրեն մեղավոր է համարում միայն մեկ բանի` ի սկզբանե ԱԱԾ-ին չհայտնելու ու ինքնուրույն գործը բացահայտել փորձելու համար։
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայում` Ստամբուլում։ Կարինեն 2012 թվականին 15-ամյա որդու հետ (անունը չցանկացավ նշել,- խմբ.) մեկնել էր այնտեղ կոշիկի ֆաբրիկայում աշխատելու։ Պատմում է, որ բարձր էին վարձատրվում. շաբաթական 200 դոլար ինքն է ստացել, 180` որդին։
Չցանկացավ մանրամասն պատմել դեպքերի ու հանգամանքների մասին, սակայն որոշ տեղեկություններ, այնուամենայնիվ, ներկայացրեց։
Կարինե Ղումաշյան
Կարինեն շեշտում է` ընտանեկան, ֆինանսական խնդիրներ կային, այդ պատճառով էին մեկնել։ Այնտեղ եղած ժամանակ իր համաքաղաքացին (Վանաձորից) առաջարկել է ծանոթացնել բարեգործների հետ։ Ասել են, որ տղայի համար ավելի լավ կլինի, կոշիկի սոսնձի հոտը չի շնչի։ Որոշ ժամանակ այդ մարդու հետ շփվելուց հետո հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ, ու որդու հետ վերադարձել է Հայաստան։ Նրա խոսքով` հետագայում արդեն պետք է պարզվեր, որ տվյալ անձը 2008 թվականից խարդախությամբ է զբաղված ու մարդկանց ներգրավել է պետական դավաճանության ցանցի մեջ։
Ասում է` Հայաստան վերադառնալուց հետո որոշել է դեռևս չհայտնել այդ մասին ԱԱԾ-ին ու ինքնուրույն փորձել «ջրի երես հանել» բարեգործ ներկայացած անձին։ Արդեն Հայաստանից սկսել է սոցիալական ցանցի միջոցով շփվել Ստամբուլում գտնվող այդ անձի հետ։ Մի օր էլ Կարինեն գրել է, որ դեռ Ստամբուլում եղած ժամանակ լրտեսել է նրան ու բացահայտել նրա մութ մտադրությունները, ինչից հետո տվյալ անձից սպառնալիքներ է ստացել։
Կարինեի խոսքով` դրանից ընդամենը 3 օր հետո ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է իրեն։
ԱԱԾ-ում պետական դավաճանության 10 քրգործ է քննվում. դատախազությունը տվյալներ է ներկայացրել
Ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգում հրապարակված գործի` Կարինեն Թուրքիայում 2013թ-ին հավաքագրվել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակցի կողմից: Նա ընդհանուր մոտ 1500 ԱՄՆ դոլարի դիմաց ստացել է առաջադրանք, որպեսզի պահի գաղտնիության կանոնները` ՀՀ տարածքից չզանգահարի Արման անունով ներկայացած անձին և այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնի:
Նույն գործի շրջանակում դատապարտված է նաև 56-ամյա վանաձորցի Ռաֆիկ Պապոյանը, որն էլ ծանոթացրել էր Կարինեին իբրև թե բարեգործի հետ։ Ըստ գործի նյութերի` նա Թուրքիայում կատարել է Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակցի առաջադրանքները։ Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքրքրություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացրել նրա հետ:
Գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ռաֆիկ Պապոյանի որդուն` Սերգեյ Պապոյանին, որը Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակցից 750 ԱՄՆ դոլար է ստացել Արցախում պայմանագրային ծառայության անցելու համար ու աշխատանքի է անցել Մատաղիսի զորամասերից մեկում։ Այնտեղից վերջինս «Skype» ծրագրի ու «Одноклассники» սոցցանցի միջոցով տեղեկություններ է հայտնել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին։ Սերգեյ Պապոյանն այժմ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Գործով անցել է նաև անչափահաս Դիանա Գորոյանը, սակայն չի դատապարտվել։

Դասընթացները կյանքը փոխելու հնարավորություն են տալիս

ՔԿՀ-ում Կարինեն այգում է աշխատում` մշակում է բույսերը, ծաղիկները։ Ազատ ժամանակ ասեղնագործությամբ, շյուղագործությամբ է զբաղվում։ ՔԿՀ-ում դասընթացներ էլ են իրականացվում, որոնց նույնպես մասնակցում է։ Անգլերեն ու կավագործություն է սովորել, սեփական բիզնես նախագծեր ստեղծելու հմտություններ ձեռք բերել, անգամ հավաստագրեր է ստացել։ Կարինեի խոսքով` դասընթացներն իրենց կյանքը փոխելու հնարավորություն են տալիս ու ձևական բնույթ չեն կրում։
ԱԱԾ–ն բացահայտել է պետական դավաճանության աննախադեպ դեպք. տեսանյութ
Նա անգամ շնորհակալագիր է ստացել ՔԿՀ-ում կյանքի մասին շարադրության մրցույթում հաղթելու համար։
Հավատում է, որ ճաղերից այն կողմ կկարողանա իր ստացած գիտելիքներն օգտագործել ու նույնիսկ սեփական բիզնեսը հիմնել։
Ընտանիքի անդամներն ու հարազատները նրանից երես չեն թեքել։

Կարինեն ունի 3 տղա և 1 աղջիկ։ Ավագ որդին 30 տարեկան է, ծառայում է ՀՀ զինված ուժերում, դուստրը 28 տարեկան է, միջնեկ որդին` 25 տարեկան, նա նույնպես պայմանագրային զինծառայող է եղել, սակայն հետագայում դուրս է եկել համակարգից։ Կրտսեր որդին 17 տարեկան է, հաջորդ տարի պետք է պարտադիր զինծառայության մեկնի։

Մոր հետ տեսակցությունները երեխաները բաց չեն թողնում, հուլիսի 20-ին էլ են եղել` Կարինեի ծննդյան օրն է։
Վստահեցնում է` ո՛չ ընտանիքի անդամները, ո՛չ էլ հարազատները երես չեն թեքել իրենից:
Դատապարտվելուց 1 տարի հետո հայրն այցելել է նրան (մինչ այդ չի թույլատրվել,- խմբ.) ու ասել. «Պի՛նդ եղիր, բոլորս քեզ հետ ենք։ Չեմ հավատում, որ դու նման քայլ արած լինես»։
Հենց այդ խոսքերն ամենաշատն են օգնում Կարինեին չհուսահատվել ու պայքարել։
«Ես այդպիսի ընտանիք ունեմ, 4 երեխայի մայր եմ ու, եթե նման բան անեի (դավաճանություն), կնշանակեր, որ առաջին հերթին իմ երեխաներին եմ դավաճանել։ Անպայման մի օր կապացուցեմ անմեղությունս, փաստեր էլ ունեմ, ամբողջ նամակագրությունը պահպանված է։ Ես անգամ այս դեպքի մասին տարիներ առաջ Սերժ Սարգսյանին (ՀՀ երրորդ նախագահ,- խմբ.) նամակ եմ գրել»։

Հնարավոր է` վաղաժամկետ ազատ արձակվի

Կարինեն դատապարտված է 12 տարվա ազատազրկման, լիարժեք ազատության շունչը կկարողանա զգալ մոտ 5 տարուց, բայց այս ամիս արդեն կկարողանա վաղաժամկետ ազատման դիմում ներկայացնել։
Կարինե Ղումաշյան