Փաշինյանն ու Բունդեսթագի փոխնախագահը քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդին և նրա գլխավորած պատվիրակությանը,
Զրուցակիցները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդին և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունների կարևորությունը, որոնք վերջին շրջանում դինամիկ զարգանում են և՛ գործադիր, և՛ խորհրդարանական, և՛ տարածքային կառավարման մակարդակում:
«Հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային հետաքրքրությունների վրա։ Հայաստանը՝ որպես 2018թ. խորհրդարանական կառավարման անցած երկիր, հետաքրքրված է պառլամենտարիզմի կայուն ավանդույթներ ունեցող Գերմանիայի հետ փորձի փոխանակմամբ: ԳԴՀ-ն ՀՀ խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է ԵՄ-ում: Կարևորում ենք համատեղ տնտեսական ծրագրերը, ինչպես նաև աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին», - նշել է վարչապետ Փաշինյանը:
Բունդեսթագի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար: Կատրին Գյորինգ-Էքարդն ընդգծել է՝ Գերմանիան հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության ամրապնդմամբ, տնտեսության տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի և այլն:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի և անվտանգային մարտահրավերների շուրջ: Բունդեսթագի փոխնախագահը նշել է, որ Գերմանիան կարևորում է տարածաշրջանային խաղաղությունը և աջակցում է այդ ուղղությամբ Հայաստանի քայլերին: Կարևորվել են համատեղ ջանքերը քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:
Հեռանկարային են համարվել արևային էներգետիկայի, տեխնոլոգիաների ոլորտներում ծրագրերը: Այս համատեքստում վերահաստատվել է փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: