ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է երկրորդ բանակային զորամիավորում, ինչպես նաև արևելյան սահմանագոտի։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Նախարարը շրջել է զորամասերում, ծանոթացել թիկունքային ապահովման աշխատանքներին, զորքերի մարտական պատրաստության ընթացքին:
«Պապիկյանը շրջել է մարտական դիրքերում, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքներին: Զորամասի հրամանատարը զեկուցել է առաջնագծում կատարված շինարարական և ամրաշինական աշխատանքների, անձնակազմի անվտանգությանն ուղղված միջոցառումների մասին: Նախարարը վստահեցրել է, որ առաջնագծի անվտանգության ապահովման բոլոր խնդիրները կուսումնասիրվեն և կլուծվեն»,– ասված է հաղորդագրությունում։
Նախարարը զորամիավորման սպայակազմի և մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների հետ քննարկումների ընթացքում անդրադարձել է նաև զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին, զինծառայողների սոցիալական ապահովությանն առնչվող ծրագրերին։ Պապիկյանը հավաստիացրել է, որ այդ խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության ներքո: