Նարեկ Մանթաշյանը ազատ կարձակվի 20 միլիոն դրամ գրավի դիմաց

Նարեկ Մանթաշյան. Արխիվային լուսանկար
Մանթաշյանին ազատ արձակելու որոշումն ընդունեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Նման որոշում կայացվեց այսօր` Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ։
Իր հերթին Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Մանթաշյանը ազատ կարձակվի 20 միլիոն դրամ գրավի դիմաց։
Նշենք, որ հուլիսի 16-ին Նարեկ Մանթաշյանին շտապօգնությունը Վարդաշեն ՔԿՀ-ից տեղափոխել էր հիվանդանոց: Պատճառը սրտի հետ կապված խնդիրներն էին, որոնք առաջացել են շաքարային դիաբետի չափազանց բարձր ցուցանիշի (20-28, ինսուլինային կախվածությունը օրական 100 մգ) պատճառով։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Մանթաշյանը օրենքով չնախատեսված կարգով, առանց դատավոր Աննա Դանիբեկյանի համաձայնության, գիտակցելով, որ խախտում է վերջինիս անձնական կյանքի գաղտնիությունը, 2020 թվականի ապրիլի 9-ին «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հրապարակել է Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկությունը:
1 տարի անց` 2021 թվականի հունիսի 26-ին, Մանթաշյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ չնայած քննության արդյունքում վերոհիշյալ քրգործի կասեցման որոշում էր կայացվել, սակայն «հետընտրական Հայաստանի քաղաքական հետապնդումների համատեքստում գործը վերաբացվել է»։
Նշենք` 2021-ի դեկտեմբերին Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել է, որ Մանթաշյանի դեմ քրգործերից մեկն էլ առնչվում է այն դեպքին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրեց եռակողմ հայտարարությունը, և բողոքի ակցիաներ սկսվեցին։
Նրա փոխանցմամբ` Մանթաշյանին վերագրվել է դրոշի կողոպուտի մեղադրանք, չնայած, որ վերջինս կառավարության շենքում ծածանել է ՀՀ դրոշը։