Միրզոյանը Արցախում տիրող իրավիճակը ներկայացրել է Լեհաստանի Սենատի նախագահին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահին։
Քննարկվել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիին է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը, Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարը նաև ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։

«Հումանիտար խնդիրների համատեքստում Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Նախարարը նշել է, որ Ադրբեջանի առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման ջանքերը։
Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ:
Տոմաշ Գրոձկին խաղաղության ջանքերին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։
Բռնի անհետացածների ճակատագրերի բացահայտման հարցը Միրզոյանը ներկայացրել է Վիտեկին
Հիշեցնենք` Միրզոյանը հուլիսի 19-ին Վարշավա է մեկնել պաշտոնական այցով։