Կարլսենը չի պատժվի Նեպոմնյաշչիի հետ շախմատային թագը վիճարկելուց հրաժարվելու համար. ՖԻԴԵ

Մագնուս Կառլսեն. Արխիվային լուսանկար
Նեպոմնյաշչին տիտղոսի համար կխաղա չինացի Դին Լիժենի հետ, որը երկրորդ տեղն է գրավել հավակնորդների մրցաշարում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը չի կարող պատժամիջոցների ենթարկվել շախմատի համաշխարհային թագի համար ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ խաղալուց հրաժարվելու պատճառով: ՌԻԱ Նովոստիին հայտնել է շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) նախագահ Արկադի Դվորկովիչը:
Այսօր Կարլսենը հայտարարել էր, որ չի խաղա Նեպոմնյաշչիի հետ շախմատի համաշխարհային թագի համար։ Աշխարհի չեմպիոնն իր որոշման մասին հայտարարել է շախմատի միջազգային օրը: 31-ամյա շախմատիստը չի բացառել, որ երբևէ կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Կարլսենը նաև նշել է, որ կշարունակի հանդես գալ այլ մրցաշարերում:

«Կարլսենի որոշումը հարգանքով ընդունեցի։ Պատժամիջոցներ չկան ու չեն կարող լինել, քանի որ ոչ մի կանոն չի խախտվել»,- ասել է Դվորկովիչը։

Կանոնակարգի համաձայն՝ համաշխարհային շախմատային թագի համար մրցախաղին մասնակցելուց նորվեգացու հրաժարվելու դեպքում Նեպոմնյաշչին տիտղոսի համար կխաղա չինացի Դին Լիժենի հետ, որը երկրորդ տեղն է գրավել հավակնորդների մրցաշարում:
Ավելի վաղ Նեպոմնյաշչին դարձել էր Մադրիդի հավակնորդների մրցաշարի հաղթող ու իրավունք նվաճել 2023 թվականին պայքարել համաշխարհային շախմատային թագի համար: Կարլսենը չորս անգամ պաշտպանել է տիտղոսը, վերջին անգամ հաղթել է Նեպոմնյաշչիին 2021 թվականին: