ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Իրանը շատ հստակ ցույց տվեց իր քաղաքականությունը և իր խնդիրները Հարավային Կովկասում, գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հայտարարությունը Թեհրանի «կարմիր գծերի» հերթական ցուցադրությունն էր։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։
Սերգեյ Մելքոնյան
© Sputnik / Asatur Yesayants
Իրանի ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը կդիմակայի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Նրա խոսքով՝ այդ սահմանը հազարամյակների ընթացքում գոյություն ունեցող հաղորդակցական երթուղի է։ Նա նման միտք է արտահայտել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Մելքոնյանի համար այս արտահայտությունը հատկանշական է մի շարք պատճառներով։ Իրանը չի թաքցնում, որ Հայաստանը և Հարավային Կովկասն ընդհանուր առմամբ դիտարկում է որպես պատուհան դեպի Ռուսաստան և Եվրոպա։ Իսկ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունն ուժեղացնելու Թեհրանի ծրագրերի համապատկերում Հայաստանի դերը նոր բովանդակություն է ստանում։ Եվս մեկ կարևոր պահ՝ Իրանը որոշակիորեն դուրս է մղվել տարածաշրջանային կոնֆիգուրացիայից, որը ձևավորվել է 44-օրյա պատերազմի արդյունքում։
Թուրքիայի ներկայությունը Ադրբեջանում, իսկ դա նշանակում է՝ Հարավային Կովկասում, լրջորեն անհանգստացրել է Թեհրանում որոշումներ կայացնողներին։ Մելքոնյանն ասում է, որ հենց այդ պատճառով էլ Իրանն այժմ շահագրգիռ չէ Հայաստանի թուլացմամբ։ Իսկ Իրանի հետ սահմանակից Սյունիքի մարզի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգությունները, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» բացելու պահանջները բոլորովին չեն տեղավորվում իրանցիների ծրագրերի մեջ։ Ավելին, Թեհրանը պատրաստ է իր «կարմիր գծերի» խախտման դեպքում արմատական միջոցներ կիրառել և չի սահմանափակվի դիվանագիտական հռետորաբանությամբ։
«Կարելի է հիշել անցյալ տարի Իրանի բանակի զորավարժություններն Ադրբեջանի ու Նախիջևանի ինքնավարության հետ սահմանին։ Իսլամական Հանրապետությունը հստակ ցույց տվեց, որ պատրաստ է Սյունիքին սպառնացող վտանգի դեպքում արմատական միջոցների դիմել։ Իհարկե, իրանցիներն առաջին հերթին մտածում են իրենց շահերի մասին, ոչ թե հայկական։ Բայց տվյալ դեպքում այդ շահերը համընկել են»,- նշեց մեր զրուցակիցը։
Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Կապանում՝ Սյունիքի մարզկենտրոնում, առաջիկայում կբացվի Իրանի գլխավոր հյուպատոսությունը, և ակնհայտ է, որ այն զբաղվելու է ոչ միայն հյուպատոսական և մաքսային հարցերով։ Այդ դիվանագիտական ներկայացուցչության օգնությամբ իրանցիները կարող են ընդլայնել իրենց ներկայությունն այդ տարածաշրջանում։
Մելքոնյանը Իրանի գերագույն առաջնորդի խոսքերը համարում է նշան և ակնարկ այն մասին, որ Իրանը կշարունակի ակտիվորեն ներկա լինել տարածաշրջանում, այդ թվում՝ «3+3» ձևաչափով: Հարթակը նախատեսում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի մասնակցությունը: Սակայն Թբիլիսին առայժմ հրաժարվում է միանալ նախաձեռնությանը։ Առաջին նիստը տեղի է ունեցել Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերի 10-ին «3+2» ձևաչափով, իսկ հունիսին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նման կազմով նոր հանդիպում է պատրաստվում:
Արևելագետը կարծում է, որ հայ-իրանական սահմանի հազարամյա գոյության մասին Ալի Խամենեիի հայտարարությունները կարելի է մեկնաբանել որպես Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումների պատասխան, Բաքվի կողմից «Ադրբեջանի պատմական հողերի» մասին հերքում:
Ճիշտ է, ամեն ինչ այդքան հարթ չէ։ Էրդողանի հետ նույն հանդիպման ժամանակ Խամենեին գոհունակություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու» կապակցությամբ։ Ավանդաբար Իրանը միշտ աջակցել է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը»։ Եվ նման «գոհունակություններն» ու «շնորհավորանքներն» առաջին անգամ չէ, որ հնչում են։ Համենայնդեպս, Խամենեիի ռեպլիկն ինչ-որ բանով սպասելի, բայց ամեն դեպքում տհաճ բաղադրիչ էր, այն վրդովմունք է առաջացրել նաև Արցախում։
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ այժմ, երբ պատերազմի արդյունքում ԼՂՀ տարածքի մի մասը յոթ շրջանների հետ անցավ Ադրբեջանին, և Սյունիքին սպառնացող վտանգ առաջացավ, Իրանը տարածքային ամբողջականությանը հավատարիմ մնալու նույն սկզբունքը ցուցադրում է Հայաստանի նկատմամբ։