ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայաստանի ներքին գործերի նախարարությունը կձևավորվի արտակարգ իրավիճակների նախարարության հենքի վրա և կներառի ԱԻՆ–ի, ոստիկանության և միգրացիոն ծառայության բոլոր ստորաբաժանումները։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նման հայտարարություն արեց Հանրային հեռուստաընկերության եթերում։
«Արդարադատության նախարարության մեր գործընկերները բավականին հաջող նախագիծ են ներկայացրել։ Կա դրան զուգահեռ ոստիկանության աշխատանքային խումբ, որով մշակվում է ընդհանուր կառուցվածքային մասը»,- ասաց Փամբուխչյանը։
Նրա խոսքով` ներկա պահին մոտեցել են այն լուծմանը, թե ինչպիսի տեսք պետք է ունենա ՆԳՆ–ն և ինչպես պետք է աշխատի։
Փամբուխչյանի խոսքով՝ ՆԳ նախարարը կունենա մի քանի տեղակալ, որոնցից մեկը` ՆԳ տեղակալ /ոստիկանապետ, մյուսը` ՆԳ տեղակալ /Փրկարար ծառայության պետ, և ընդհանուր ՆԳ տեղակալ, որը կհամակարգի մնացած բոլոր ստորաբաժանումները։
Ներքին գործերի նախարարության վերստեղծման հարցը քննարկվում է ավելի քան մեկ տարի։ 2021 թվականի նոյեմբերին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են գրեթե ամեն օր, մշակվում են բոլոր նրբությունները, որպեսզի ապագայում խնդիրներ չառաջանան։
Հայաստանում ՆԳՆ-ն գոյություն է ունեցել մինչև 2003 թվականը, ապա դրա հիման վրա ստեղծվել է ՀՀ ոստիկանությունը։