ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է նախօրեին տարածած հաղորդագրությունը

ԱՄՆ ներկայացուցչությունը նշում է, որ հաղորդագրությունն ընթացիկ բնույթ է կրում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Աշխարհում ԱՄՆ դեսպանատները պարբերաբար իրականացնում են կամավորների հավաքագրում, սա ընթացիկ հյուպատոսական բնույթի հարց է։ Այս մասին գրված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական թվիթերյան էջում։
Դեսպանատան էջում նշվում է, որ աշխարհում հավաքագրվող կամավորներն օգնում են տեղեկություններ փոխանակել և օգնություն ցուցաբերել արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին:
Ավելի վաղ դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ կամավորների է հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, տարհանելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։ Դեսպանատունը կամավորներ է փնտրում ինչպես Երևանի վարչական շրջաններում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում։
ԱՄՆ դեսպանատան այս հաղորդագրությունը քննարկվում էր նաև սոցցանցերի հայկական տիրույթում։