ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հրազդանի հին ՋԷԿ-ի տարածքում շինարարական ամրանների գործարան է կառուցվելու։ Այդ հայտն այսօր հաստատվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ։
Գործարանի կառուցման համար հատկացվելու է մոտ 8 հա տարածք ՋԷԿ-ի այն հատվածում, որտեղ նախկինում կենտրոնական կաթսայատան շենքն էր։ Հաշվի առնելով այն, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում կենտրոնական ջեռուցում չի իրականացվում, կաթսայատան հատվածը ոչ մի կերպ չի օգտագործվել։
Հողատարածքը հանձնվել է նոր ձեռնարկությանը, որը պատրաստվում է ամրաններ ու անկյունակներ արտադրել։
Հրազդանի ՋԷԿ-ը պատկանում է «Տաշիր» հոլդինգին, որն էլ պատրաստվում է նոր գործարան կառուցել։
Նշենք, որ Հրազդանի ՋԷԿ-ի հզորությունը կազմում էր 1110 մեգավատ, սակայն սարքավորումները հնացել են և երկար տարիներ չեն փոխարինվել: Որպես հետևանք՝ ներկայում կայանն արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի միայն փոքր մասը։ Այն միացվում է, երբ մյուս կայաններում գեներացիայի պակաս է լինում։ Վերջին տարիներին դրա արտադրության ծավալն աճել է, բայց միայն՝ հայկական ԱԷԿ-ում շարունակվող վերանորոգման պատճառով։