Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստվում է առանց ռուսական գազի ձմռանը

Եվրահանձնաժողովը հայտարարել է գազի պահանջարկի կրճատման համակարգված միջոցներ կիրառելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Եվրահանձնաժողովը Եվրամիությանը պատրաստում է առանց ռուսական գազի ձմռանը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ մամուլի ասուլիսը նվիրված է եղել ԵՄ-ի կողմից գազի տնտեսման նոր առաջարկներին՝ Եվրամիության երկրներին մատակարարումների կրճատման նախապատրաստման համար:
«Մենք պատրաստվում ենք ձմռանը առանց ռուսական գազի»,- ասել է Բրետոնը:

Այն մասին, որ Եվրահանձնաժողովը ծրագրում է ռուսական գազի մատակարարումների լիակատար դադարեցման դեպքում Եվրամիության համար ծրագիր ներկայացնել հուլիսի երկրորդ կեսին, ավելի վաղ հայտնել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: ԵՀ-ի մամուլի քարտուղար Էրիկ Մամերը նախօրեին ասել է, որ Եվրահանձնաժողովը, ստեղծելով ձմռան պատրաստվածության ծրագիր, հենվում է իրադարձությունների զարգացման ամենավատ սցենարի` այսինքն «Գազպրոմից» գազի մատակարարումները դադարեցնելու ռիսկի վրա: Ընդ որում, նա հավելել է, որ ոչ ոք չգիտի` դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։

Եվրահանձնաժողովն այսօր հայտարարել է գազի պահանջարկի կրճատման համակարգված միջոցներ կիրառելու մասին: Այն ենթադրում է սկզբում ԵՄ բոլոր անդամ պետությունների համար նվազեցնել գազի պահանջարկը 15 տոկոսով 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:
Բացի այդ, այդ կարգավորման շրջանակում Եվրահանձնաժողովը միության պետությունների հետ կոնսուլտացիաներից հետո կկարողանա հայտարարել, այսպես կոչված, «միության նախազգուշացում», ինչը կնշանակի բոլոր պետությունների համար գազի պահանջարկի պարտադիր իջեցում: Այս մեխանիզմը կարող է գործարկվել Ռուսաստանից այս վառելիքի մատակարարումների լուրջ նվազեցման կամ ամբողջական դադարեցման դեպքում: