ԲԴԽ-ն ու դատախազությունը վեճի են բռնվել կրկնահանցագործի պատճառով

Բարձրագույն դատական խորհուրդ
ԲԴԽ-ն գործընկերներին հորդորել է հարգանք դրսևորել օրենքի, դատական իշխանության նկատմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) անթույլատրելի և դատապարտելի է համարում ՀՀ գլխավոր դատախազության գործելաոճը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԲԴԽ-ն` անդրադառնալով դատախազության` հուլիսի 18-ի տարածած հաղորդագրությանը։
Դատախազությունը հայտնել էր, որ կրկնահանցագործը նոր հանցագործություններ է կատարել դատարանների անհիմն որոշումների արդյունքում պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակվելու հետևանքով։ Մասնավորապես, 4 տարվա ազատազրկման ենթարկված անձը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, ինչը դատախազությունը բողոքարկել է տարբեր ատյաններ, սակայն բողոքները մերժվել են։ Այնինչ, ազատության մեջ գտնվող անձը այս տարվա ապրիլին 2 արցախցու է սպանել։

«Դատախազությունը կասկածի տակ է դրել առաջին, վերաքննիչ և վճռաբեկ ատյանների կողմից միևնույն գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիմնավորվածությունն ու օրինականությունը: Այդ արատավոր երևույթը ոչ միայն անհիմն հեղինակազրկում է դատական իշխանությանը, այլև ստեղծում է տպավորություն, որ պետական մարմինները չեն հարգում օրենքը, ինչն անելը հենց առաջնահերթ վերջիններիս պարտականությունն է»,- ասված է ԲԴԽ-ի հայտարարությունում։

Կառույցը կոչ է անում գործընկերներին իրենց արտահայտություններում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները և հարգանք դրսևորել օրենքի, դատական իշխանության նկատմամբ: