ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնը վերջին ելույթով հրաժեշտ է տվել խորհրդարանին՝ ասելով «Աստա Լա Վիստա, բեյբի՛»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ ներկա գտնվող յուրաքանչյուրին, ու՝ hasta la vista baby (իսպաներենից թարգմանաբար՝ ցտեսություն, փոքրի՛կ)»,- նա ավարտել իր ելույթը:
Այդ խոսքերից հետո նրա կուսակիցները ոտքի են կանգնել և ծափահարել հեռացող վարչապետին։ Մինչ նա քայլում էր դեպի ելքը, շատերն ընկերաբար ձեռքը դնում էին նրա ուսին։ Ընդդիմությունը նստած է մնացել ու չի ծափահարել։
Չորեքշաբթի օրերը վարչապետն ավանդաբար պատասխանում է խորհրդարանականների հարցերին։ Այսօր՝ օրենսդիրների ամառային արձակուրդից առաջ, նման վերջին նիստն էր:
Sky News հեռուստաալիքն ուշադրություն է հրավիրել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյի «յուրօրինակ» արձագանքի վրա Ջոնսոնի ելույթի վերջին րոպեներին. նա հոտնկայս ծափահարում էր հեռացող Ջոնսոնին:
Հիշեցնենք` Բորիս Ջոնսոնը, որը վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյին փոխարինել էր 2019 թվականին, հուլիսի 7-ին հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին: Նա պարտականությունները կկատարի այնքան ժամանակ, մինչև նախարարների կաբինետի նոր ղեկավար նշանակվի։