Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական

Արա Բաբլոյանը. Արխիվային լուսանկար
Արտակ Բեգլարյանի խոսքով` իր համար մեծ պատիվ է ունենալ Արա Բաբլոյանի պես անձի անվերապահ աջակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական։ Տեղեկությունը հայտնել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր ստորագրածս հրամանով մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր և պետական գործիչ Արա Բաբլոյանին նշանակել եմ ԱՀ պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով»,- նշել է Բեգլարյանը։

Նրա խոսքով` իր համար մեծ պատիվ է ունենալ նման մարդկային, մասնագիտական ու պետական որակներ խտացնող անձի անվերապահ աջակցությունը։
«Շնորհակալ եմ պարոն Բաբլոյանին՝ իմ խնդրանք-առաջարկը սիրով ու անմիջապես ընդունելու համար»,- ասել է Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը 2007-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ից։ Իսկ արդեն 2017-18 թթ. նա եղել է ՀՀ ԱԺ նախագահը։
Բաբլոյանը հեղինակ է 3 գյուտերի, 4 մենագրության, 160-ից ավելի գիտական հոդվածների։
Արա Բաբլոյանը պարգևատրվել է «Ոսկե մեդալով» և պատվավոր հավաստագրով, Երևանի քաղաքապետարանի պատվոգրով, «ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով»։ Հայ-ֆրանսիական հարաբերությունների և մասնագիտական համագործակցության զարգացման համար Բաբլոյանը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից պարգևատրվել է «Officier de I'Ordre National Du Merite» մեդալով։
Բաբլոյանը Մխիթար Հերացու մեդալակիր է, Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակակիր (2014), Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար նա 2019-ին պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Հավելենք, որ 2019 թվականի հոկտեմբերին Արա Բաբլոյանը ներգրավվել է սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու և պաշտոնեական կեղծի հետ կապված քրեական գործի մեջ որպես կասկածյալ։ Այնուհետև նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։
Գործի նախաքննության խախտմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը, և այն հետ է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն՝ լրացուցիչ քննություն կատարելու համար։