Ոստիկանության բարեփոխումների արդյունքում աշխատավարձերի բարձրացում է ակնկալվում. Փաշինյան

Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում
Փաշինյանի գլխավորությամբ կայացած նիստի ժամանակ քննարկվել է ստեղծվելիք ՆԳՆ շրջանակում ոստիկանության ստորաբաժանումների նոր մոդելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ոստիկանության բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ունենալ ավելի օպտիմալ կառուցակարգեր, կրկնվող գործառույթների բացառում և աշխատավարձերի բարձրացում: Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում են կառավարության աշխատակազմից։
«Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն այս տրամաբանության ներքո՝ ընդգծելով թվայնացման օրակարգի և պետական մարմինների փոխգործելիության կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նիստում քննարկվել է նաև բջջային հավելվածի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ հաղորդում տալու կարգի կիրարկման ընթացքը, ներկայացվել է համապատասխան վիճակագրություն: Մտքեր են փոխանակվել համակարգի կիրառման ընթացակարգերի պարզեցման շուրջ: Փաշինյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել:
Քննարկվել է նաև ստեղծվելիք ներքին գործերի նախարարության շրջանակում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների նոր մոդելը:
Հիշեցնենք, որ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը մանրամասնել էր` նոր ստեղծվող ներքին գործերի նախարարությունում ոստիկանության և փրկարար ծառայությունների պետերը համատեղելու են նախարարի տեղակալների պաշտոնները։
Ոստիկանության և փրկարար ծառայությունների պետերի, այս դեպքում, նախարարի տեղակալների պաշտոնները համատեղող անձանց նշանակելու է վարչապետը` նախարարի առաջարկությամբ, որպեսզի նաև չխզվի կապը քաղաքականություն մշակողի և քաղաքականություն իրականացնողի միջև։