ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Թուրքիան ՌԴ-ից ու Իրանից աջակցություն է ակնկալում Սիրիայում սպառնալիքների չեզոքացմամբ իր ազգային անվտանգության ապահովման ջանքերին: Այդ մասին հայտարարել էԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում եռակողմ գագաթնաժողովն ամփոփելիս: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք որոշում ենք կայացրել վերացնել Սիրիայում մեր ազգային անվտանգությանը սպառնացող չարամիտ կազմակերպությունները։ Ակնկալում ենք Ռուսաստանից ու Իրանից՝ որպես «Աստանայի գործընթացի» երաշխավորներ, որ նրանք Թուրքիայի այդ ջանքերին աջակցությունը կհայտնեն», - ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում։
Հիշեցնենք, որ Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ անօրինական է համարում թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։