Թուրքիան երբեք «Բայրաքթար» չի վաճառի Ռուսաստանին․ ընկերության տնօրեն

«Բայրաքթար» ԱԹՍ
«Բայրաքթարներ» ստեղծող ընկերության տնօրենը սկզբում խուսափել է պատասխանել Ռուսաստանի վերաբերյալ հարցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Թուրքիան երբեք «Բայրաքթար» ԱԹՍ-ներ չի վաճառել Ռուսաստանին ու չի վաճառի։ CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել է թուրքական ԱԹՍ-ներ արտադրող «Baykar Makina» ընկերության տնօրեն Հալյուք Բայրաքթարը՝ պատասխանելով հաղորդավարուհու հարցին՝ արդյոք Թուրքիան Ռուսաստանին էլ ԱԹՍ-ներ կտա, թե ոչ։
«Մենք նման բան երբեք չենք անի, քանի որ մենք աջակցում ենք Ուկրաինային, նրա ինքնաիշխանությանն ու անկախության համար մղվող դիմադրությանը»,- ասել է Բայրաքթարը` մինչ այդ խուսափելով պատասխանից։
Երբ հաղորդավարուհին առաջին անգամ հարցրել է Ռուսաստանին «Բայրաքթար» ԱԹՍ-ներ վաճառելու մասին, թուրքական ընկերության տնօրենը միայն ասել է, որ Ուկրաինան ու Թուրքիան երկկողմ շահավետ հարաբերություններ ունեն ԱԹՍ-ների հարցում։
«Հատկապես ավիատիեզերական արտադրության և պաշտպանության ոլորտում մենք ռազմավարական հարաբերություններ ունենք։ Թուրքիան այս հարվածային ԱԹՍ-ներով աջակցում է Ուկրաինային։ Մենք էլ մեր հերթին Ուկրաինայից տուրբինային շարժիչներ ենք գնում այս ԱԹՍ-ների համար։ Հետևաբար մենք ստեղծել ենք երկկողմ շահավետ հարաբերություններ։ Ու այս համատեքստում այդ տեխնոլոգիայով մենք միայն Ուկրաինային ենք աջակցում»,- պատասխանել է Բայրաքթարը։
Այս պատասխանից հետո լրագրողը նորից է կրկնել Ռուսաստանին ԱԹՍ-ներ վաճառելու հարցը, իսկ Բայրաքթարի պատասխանից հետո ներողություն է խնդրել, որ «ստիպել» է պատասխանել իր հարցին։
Հիշեցնենք, որ Ուկրաինան Թուրքիայից «Բայրաքթար» ԱԹՍ-ներ սկսել է գնել դեռ 2018թ․ վերջից։ 2022թ․ հունվարի դրությամբ Ուկրաինան մոտ 20 միավոր ԱԹՍ էր գնել։ Փետրվարի 24-ից՝ ՌԴ հատուկ ռազմական գործողության առաջին օրվանից, ուկրաինական կողմը կիրառել է թուրքական ԱԹՍ-ներ։ Մարտական գործողության առաջին օրերին հայտնի դարձավ, որ Կիևը նոր խմբաքանակ է գնել Թուրքիայից։
Թեպետ Թուրքիան մարտական գործողությունների առաջին օրերից պարտաճանաչ հայտարարում էր, որ Ուկրաինային տրված ԱԹՍ-ները պարզապես թուրքական ընկերությունից գնված ապրանք են, իրենք նվեր չեն տվել, երկու ամիս անց թուրքական կողմն առնվազն 3 միավոր ԱԹՍ էլ անվճար նվիրեց ուկրաինական կողմին։