Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով

Ռոբերտ Քոչարյանը պետք է մասնակցեր հերթական դատական նիստին, սակայն առողջական խնդրի պատճառով չի կարողացել ներկայանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնել է նրա փաստաբան Հայկ Ալումյանը։
Այսօր Քոչարյանը պետք է մասնակցեր իր և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին։ Փաստաբանը դատավոր Աննա Դանիբեկյանին հայտնեց, որ հուլիսի 14-ին իր պաշտպանյալը COVID-19–ի թեստ է հանձնել, որի արդյունքը եղել է դրական։
Դատավորը ստիպված էր հետաձգել նիստը և գործի հաջորդ քննությունը նշանակել սեպտեմբերի 20-ին:
Բանն այն է, որ Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը օգոստոսի 2–23-ը արձակուրդում է լինելու, օգոստոսի 22-ից սեպտեմբերի 16-ը արձակուրդ է գնում ինքը ՝ Դանիբեկյանը։ Դրանից ելնելով` հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 20-ին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ քրգործով հարցաքննվել է Վարդան Օսկանյանը
ՍԴ-ն որոշել է, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։
Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։
Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը՝ հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել ստացված եկամուտները։
Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ շփում չի եղել և չի լինելու. Արմեն Գևորգյանի պաշտպան