ՌԴ ԶՈւ-ն Օդեսայի մարզում ոչնչացրել է ՆԱՏՕ-ի զինամթերքի պահեստները

Ռուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա. Արխիվային լուսանկար
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն անցած օրվա ընթացքում խոցել են մեկ Ուկրաինական Մի-24 ուղղաթիռ և չորս անօդաչու թռչող սարք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը Օդեսայի մարզում զինամթերքով լի պահեստներ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Օդեսայի մարզի Բելենկոյե բնակավայրի շրջանում բարձր ճշգրտության զենքի հարվածով ոչնչացվել են ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից մատակարարված սպառազինության պահեստարանները»,-նշել են գերատեսչությունում:
Բացի այդ, ՌԴ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Դոլինա բնակավայրի շրջանում բարձր ճշգրտության զենքով հարված է հասցվել ուկրաինական զորքերի 81-րդ աերոմոբիլային բրիգադի գումարտակի մարտական դիրքերին: Ոչնչացվել է անձնակազմի ավելի քան 60 մարդ, ինչպես նաև յոթ միավոր զրահատանկային տեխնիկա և զինամթերքի պահեստ:
Ամփոփագրում նշվում է, որ օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրվա ընթացքում խոցել են կառավարման յոթ կետ, զինամթերքի հինգ պահեստ՝ ԴԺՀ-ում, Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերում, վառելիքի երկու պահեստ՝ ԴԺՀ-ի Սոլեդարի շրջանում, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժ և ռազմական տեխնիկա՝ 197 շրջաններում։
«Մեկ օրվա ընթացքում հակամարտկոցային պայքարի շրջանակներում խոցվել են «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի չորս դասակ, Դ-20 հաուբիցների 13 հրետանային դասակ և Դ-30 հրանոթների տասը դասակ»,-ասված է ամփոփագրում:
Ռուսական ՀՕՊ համակարգերն անցած օրվա ընթացքում խոցել են մեկ ուկրաինական Մի-24 ուղղաթիռ և չորս անօդաչու թռչող սարք: Բացի այդ, ՀՕՊ-ը որսացել է չորս «Տոչկա-Ու» հրթիռ և «Ուրագան» ՀԿՌՀ-ի հինգ արկ՝ Խերսոնի և Խարկովի մարզում:
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել են 257 ինքնաթիռ, 143 ուղղաթիռ, 1568 ԱԹՍ, 356 զենիթահրթիռային համալիր, 4106 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 759 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3160 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 4392 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 146-րդ օրը։
Ինչպես է ապրում Դոնբասը Ուկրաինայի զինված ուժերի մշտական գնդակոծության տակ