ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ու Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները համագործակցության զարգացման մասին համաձայնագիր են ստորագրել։ Այսօր Բաքվում կայացած ասուլիսում այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
«Սա հիմնարար փաստաթուղթ է, որը լրացուցիչ խթան կդառնա մեր հարաբերությունների զարգացման, մեր փոխգործակցության համար»,– ասել է նա։
Նարիշկինի խոսքով` կողմերը ծրագրում են համատեղ գործողություններ իրականացնել, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի և Ադրբեջանի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը աջակցելուն, միջազգային ահաբեկչության և արմատական ծայրահեղականության դեմ պայքարին, երրորդ երկրներում Ռուսաստանի և Ադրբեջանի հաստատությունների ու քաղաքացիների շահերի պաշտպանությանը: