ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Spunik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում՝ Աստանայի ձևաչափի գագաթնաժողովի շրջանակում, քննարկում են սիրիական կարգավորման, ղարաբաղյան խնդրի ու երկկողմ օրակարգի հարցերը:
«Շատ հարցեր կան նաև սիրիական կարգավորման վերաբերյալ, հեռանկարային խոշոր երկկողմ նախագծերը շարժվում են, զարգանում են։ Մեր տեսադաշտում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը», - ասել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ վերջերս Կասպյան գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ, «նա ջերմորեն ողջունում է ձեզ»: «Մենք մեծ օրակարգ ունենք», - ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ ուրախ է տեսնել Էրդողանին։ «Մենք գրեթե մեկ տարի չենք հանդիպել», - ասել է Պուտինը: Էրդողանը պատասխանել է՝ «Հեռախոսով հաճախ ենք շփվել»: «Ճիշտ է, դա լավ է», - պատասխանել է Պուտինը:
«Մեր գործընկերներն էլ մշտական ռեժիմով շփվում են», - ավելացրել է նա։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները զարգանում են «անկախ ամեն ինչից, աճում է ապրանքաշրջանառությունը, ընդ որում՝ շատ զգալի տեմպերով»: Պուտինը նաև գոհունակություն է հայտնել, որ Աստանայի «եռյակի» գագաթնաժողովի շրջանակում ինքն ու Էրդողանը երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն ունեն, քանի որ շատ հարցեր են կուտակվել: