«Փյունիկը» նվազագույն հաշվով պարտվեց «Դյուդելանժին»

Հովհաննես Հարությունյան
Sputnik
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում գործած մարզական սխրանքը «Փյունիկի» համար թանկ արժեք ունեցավ։ Վնասվածքի պատճառով որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում բացակայում էին կենտրոնական պաշտպանները, ինչի պատճառաով առանցքային այդ դիրքում խաղադաշտ դուրս եկավ Արտակ Դաշյանը։ Նման խնդրի առկայության պայմաններում մեր չեմպիոնը հյուրընկալել էր Լյուքսեմբուրգի լավագույն թիմին։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանում 0։1 հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի չեմպիոն՝ «Դյուդելանժին»։
Կազմի հետ կախված խնդիրները էլ ավելի էին բարդացրել «Փյունիկի» նպատակները իրականություն դարձնելը։ Բացի այն, որ մեր չեմպիոնը փաստացի նոր թիմ է ձևավորում մի շարք առանցքային ֆուտբոլիստների հեռանալուց հետո, «Դյուդելանժի» հետ խաղում այն բառացիորեն հանդես եկավ առանց նոմինալ կենտրոնական պաշտպանի։
Եվ խաղասկզբում որպես ահազանգ հետևեցին երկու վտանգավոր պահերը մեր դարպասի մոտ։ «Դյուդելանժի» ֆուտբոլիստների հարվածներից հետո երկու անգամ դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին օգնության հասավ դարպասաձողը։ Բայս մերոնք աստիճանաբար հարմարվելով մրցակցին՝ հավասարեցրին խաղն ու կարող էին բացել հաշիվը, եթե ավելի հաջողակ լիներ Լուկա Յուրիչիչը։ Սակայն նրա հարվածը արդյունավետ չեղավ։ Կարևորն այն էր, որ «Փյունիկը» պայքարում էր ու ձգտում հաղթանակի բավականին լավ խաղով։ Առաջին խաղակեսը անարդյունավետ ոչ-ոքի՝ 0։0 հաշվով ավարտվեց, բայց հաղթելու հույսեր մենք ունեինք, չնայած նույն ակնկալիքով ընդմիջման գնաց նաև «Դյուդելանժը»։
Երկրորդ խաղակեսում առաջինի համեմատ թիմերը ավելի դանդաղ էին գործում, բայց դա չի նշանակում, որ կողմերն այլևս չէին ձգտում հասնել արդյունքի։ Երկկողմանի փորձերը շարունակվում էին առանց հաջողության։ Իրենց նպատակին հասան հյուրերը, որոնց կազմում Սամիր Հաջին նախ վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, ապա այն հստակորեն իրացրեց։
Խաղի ավարտին դեռ մոտ քսան րոպե կար, և «Փյունիկը» պետք է ձգտեր պատասխան գնդակը խփել, ու դրա համար մեր թիմի մարզիչները հնարավոր բոլոր փոփոխությունները կատարեցին։
Խաղավերջում «Փյունիկը» որոշ դրվագներում նաև պաշարել էր մրցակցի տուգանային հրապարակը։ Բայց ամեն ինչ ապարդյուն էր։ Չնայած պարտությանը, «Փյունիկի» առաջադրանքը այս խաղում մնում է անփոփոխ՝ հիմա արդեն հաղթել մրցակցի հարկի տակ։
«Փյունիկ» - «Դյուդելանժ» դիմակայությունը շարունակություն կստանա մեկ շաբաթ անց։ Մեր չեմպիոնը մրցակցի հարկի տակ հանդիպումը անցկացնելու է հուլիսի 26-ին։ Երկու խաղերի արդյունքում հաղթող թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում մրցելու է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդա» թիմի հետ։