Պատերազմի ընթացքում ԼՂ մուտք գործած ԶՈւ ստորաբաժանումները վերադառնում են ՀՀ. Գրիգորյան

ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանից ԼՂ պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում, ըստ անհրաժեշտության` ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ Արցախի պաշտպանության բանակին օգնելու նպատակով մուտք են գործել Արցախի Հանրապետություն, սակայն հրադադարի ստորագրումից և ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայումից հետո նրանք դուրս են բերվում ու վերադառնում Հայաստան։ Այս մասին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է «Արմենպրեսին» տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ գործընթացը սեպտեմբերին կավարտվի։

Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն տեղի զորակոչիկները կշարունակեն ընդգրկվել պաշտպանության բանակում ծառայելու:

Գրիգորյանի խոսքով` ՊԲ-ում կշարունակեն ծառայել նաև պայմանագրային զինծառայողներ։ Միաժամանակ, նա արձանագրել է, որ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պետք է անվտանգության երաշխիք լինի։
Անդրադառնալով Փառուխի դեպքերին` Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և կիրառելի միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։

«Ռուսաստանի Դաշնությունը մեզ հավաստիացրել է, որ ներխուժած ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան այնտեղից։ ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունն ինքնին վկայում է ԼՂ բնակչության համար իրական գոյաբանական վտանգի առկայության հանգամանքի ընդունում ՌԴ-ից։ Խաղաղապահ ուժերն առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում»,- նշել է Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ Հայաստանից ԼՂ պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում, ըստ անհրաժեշտության` ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում:
Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու պահանջ գոյություն չունի. Սաղաթելյան