ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ռուսական «Մագնիտ» խանութների ցանցը հետաքրքրված է հայկական արտադրանքի մատակարարումներով։ Այս մասին հայտնել են Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչությունում՝ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի և «Մագնիտ» խանութների ցանցի թարմ ապրանքների ներմուծման դեպարտամենտի մենեջեր Անատոլի Վիլկովի հանդիպման արդյունքում:
«Վիլկովը հայտնել է, որ ներկայում «Մագնիտ» ընկերությունը հետաքրքրված է հայկական բանջարեղենի, մրգերի, ձկան, մսի, կաթի և մանկական սննդի ներկրումով»,-նշվում է սոցցանցերում ներկայացուցչության էջերում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ առևտրային ներկայացուցչությունն օգնել էր հայկական շուկայում «Մագնիտի» համար պոտենցիալ գործընկերներ գտնել, ներկայումս նրանց հետ բանակցություններ են ընթանում գնումների հնարավորության շուրջ:
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը և աջակցել «Մագնիտին», մասնավորապես՝ առևտրային ներկայացուցչության կողմից ռուսական առևտրային ցանցի հետ համագործակցության զարգացման հարցում շահագրգռված ընկերությունների արտադրանքի կատալոգների փոխանցման հարցում, ասված է հաղորդագրության մեջ: