ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) Հատիսի գագաթին գտնվող ամրոցի վնասման հարցով դիմել է ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԳՄՍ խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:
«Ոստիկանություն դիմումի հիմք է ընդունվել հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագիտական եզրակացությունը, որ Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված հնավայրն աղճատվել է»,–ասաց Մելիքբեկյանը։
Այսպես, ԿԳՄՍՆ–ն դիմել է ոստիկանություն, որպեսզի քայլեր ձեռնարկեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում կասեցնելու, ինչպես նաև ներկայացված եզրակացությանն օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։
Հիշեցնենք, որ հնագիտության և ազգագրության ինստիտուտը հուլիսի 14-ին հայտարարություն էր տարածել` ասելով, որ հնավայրի տարածքում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նպատակով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում անդառնալիորեն աղճատվել է հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը, որտեղ առկա են կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը։ Ըստ հայտարարության, հողաշերտի հեռացման արդյունքում արևելյան պարսպապատի խաթարված հատվածը հնարավոր է վերականգնել, մինչդեռ դա այլևս անհնար է կենտրոնական մասում առկա կառույցների պարագայում, քանի որ դրանք ենթարկվել են ծանր տեխնիկայով քանդման, ինչից հետո նոր հող է կուտակվել այդ հատվածում ապագայում նախատեսված արձանի հիմքի համար։
Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին գործարար Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը (առանց պատվանդանի) պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար:
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները մեկնարկեցին հուլիսի 9-ին։
ԿԳՄՍ նախարարությունը հուլիսի 11-ին հայտարարեց, որ ընդունելի համարելով Հիսուս Քրիստոս մոնումենտալ արձանի գաղափարը` պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։