– Պարոն Ռուբինյան, Վիեննայում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա օդային ուղիղ բեռնափոխադրումներ իրականացնել ամենասեղմ ժամկետներում։ Ավելի ուշ դուք հայտարարեցիք, որ տրամաբանական կլինի, եթե Թուրքիայի հետ պայմանավորվածություններն իրագործվեն այս ամռան ընթացքում։ Հնարավո՞ր է, որ մինչև աշուն սահմանը բացվի։
– Սա առաջին պայմանավորվածությունն է, իսկ առաջին պայմանավորվածություններն ընդհանրապես նման բարդ գործընթացներում ամենակարևոր բանն են։ Եթե դրանք արագ իրագործվում են, դա նպաստում է նրան, որպեսզի կողմերի միջև վստահությունն ավելանա, իսկ եթե դրանք չեն իրագործվում կամ դանդաղում են, ապա դա խաթարում է վստահությունը կողմերի միջև։ Այո՛, տրամաբանական կլինի, որ այս ամռանը, տուրիստական այս սեզոնին, դա իրականություն դառնա, մնացածն արդեն կախված է երկու կողմերի գերատեսչությունների աշխատանքից և, բնականաբար, նաև քաղաքական կամքից։
– Թուրքական կողմը կիսու՞մ է այդ ցանկությունը, որ նշված ժամկետներում դա իրագործվի։
– Այդ մասին կկարողանանք ասել, երբ տեղի ունենա առաջին հանդիպումը գերատեսչական մակարդակով, որի ընթացքում կքննարկվեն այս քաղաքական պայմանավորվածությունների իրագործման տեխնիկական մանրամասները։
– Իսկ այդ հանդիպման մասով որևէ հստակություն կա՞։
– Դեռ ոչ, բայց շուտով կլինեն նման հանդիպումներ։
– Ինչպիսի՞ն է բանակցային տրամաբանությունը։ Հնարավո՞ր են նոր գործնական պայմանավորվածություններ մինչև նշվածների իրագործումը։ Թե՞ պետք է իրականացնել սրանք, հետո անցնել հաջորդ քայլերին։
– Այդպիսի բան ֆիքսված չէ, որ նոր պայմանավորվածությունների մասին կարող ենք խոսել միայն առկա պայմանավորվածությունների իրագործման դեպքում։ Կարծում եմ` տրամաբանական կլինի, որպեսզի նաև մեր առաջարկը՝ ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու վերաբերյալ, նույնպես ընդունվի, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այդ թեման պարբերաբար քննարկվում է, որովհետև մենք արել ենք նման առաջարկ, և ցավոք, չեմ կարող ասել, որ մինչև այս պահը թուրքական կողմից համաձայնություն կա այդ առաջարկին, բայց այդ առաջարկը շարունակում է մնալ սեղանին։
– Հուլիսի 11-ին հայտնի դարձավ ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցի մասին։ Ու՞մ նախաձեռնությամբ էր զրույցը և ու՞մ միջոցով էր այն կազմակերպվել։
– Ինչպես գիտեք, այդ հեռախոսազանգի ընթացքում երկրների ղեկավարները փոխանակվել են շնորհավորանքներով, և քննարկվել է հատուկ ներկայացուցիչների վերջին պայմանավորվածությունների իրագործումը, ինչը տրամաբանական պահին տրամաբանական առիթով հեռախոսազանգ էր։ Տրամաբանորեն եթե նման հեռախոսազանգ է տեղի ունենում, ենթադրում եմ, որ երկու կողմերն էլ ուզում են, որ հեռախոսազանգը կայանա։ Հեռախոսազանգի պայմանավորվածությունը ձեռք է բերվել իմ միջոցով։
– Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի ներսում իշխանության վրա ճնշումը գլխավոր խնդիրն է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Նա նշել էր նաև, որ «Ճնշումները թույլ չեն տալիս Երևանին համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ»։ Ի՞նչ համարձակ քայլերի մասին է նա խոսում։ Բանակցությունների ժամանակ այդպիսի քայլերի մասին արդյոք բարձրաձայնվե՞լ է։
– Նախ պետք է ասեմ, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական դաշտում, բացառապես Հայաստանի գործն է, իսկ ինչ վերաբերում է պատրաստակամությանը, ապա Հայաստանը միշտ, ոչ միայն հիմա, ոչ միայն մեր իշխանության օրոք, պատրաստ է եղել ունենալ բաց սահմաններ և դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, ընդ որում` առանց նախապայմանների։ Այդ սահմանը մենք չենք փակել, և Հայաստանը շարունակում է պատրաստ մնալ դրան, Հայաստանն ունի քաղաքական կամք` նույնիսկ հաշվի առնելով պատմական բեռը, նույնիսկ հաշվի առնելով այն զրկանքները, որ կրել է մեր ժողովուրդը, նույնիսկ հաշվի առնելով Հայոց ցեղասպանության փաստը։ Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու կարգավորել խնդիրը, ինչը մեծ բան է և հարաբերությունների կարգավորումը, գործընթացի հաջողումը կախված են Թուրքիայի քաղաքական կամքից, որովհետև Հայաստանն իր կամքը ցուցադրել է։
– Համարձակ քայլերի տակ ի՞նչ են ակնարկում, ի՞նչ են ասում։ Ի՞նչ հավելյալ քայլեր են ակնկալում։
– Չեմ կարող ասել։
– Հայկական կողմը մի քանի անգամ նշել էր, որ չնայած կողմերը հայտարարել էին նախապայմանների բացակայության մասին, Անկարան փորձում է կապել գործընթացը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Իրավիճակը նու՞յնն է։
– Մեզ համար Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան գործընթացները տարբեր են, դրանք տարբեր ֆորմատներ են, և նման ըմբռնում կա նաև մեր քննարկումների ընթացքում։ Այդուհանդերձ, թուրքական կողմից տարբեր պաշտոնյաներ որոշակի պարբերականությամբ հայտարարություններ են անում առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են Ադրբեջանի հետ, ինչը մի փոքր տարօրինակ է։ Դա տարօրինակ է նաև այն համատեքստում, երբ առաջարկում են հանդիպումներ ունենալ Հայաստանում կամ Թուրքիայում, ինչը կարող է նշանակել, որ իրենք գործընթացը տեսնում են կամ ուզում են տեսնել երկկողմ, բայց այդ դեպքում տարօրինակ են հայտարարություններն Ադրբեջանի հետ գործընթացը կոորդինացնելու վերաբերյալ։
– Իսկ բանագնացների հանդիպումների ժամանակ նման հարց չի՞ առաջանում։
– Ո՛չ։ Հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում Հայաստան-Ադրբեջան թրեքը չի քննարկվում։
– Արդյոք քննարկվե՞լ է կամ որևէ համաձայնություն կա՞ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման մասով։
– Ցավոք, դեռ չենք հասել այդ փուլին, ինչը նույնպես տրամաբանական չէ, որովհետև ի վերջո դա տարածաշրջանային կոմունիկացիաների կարևորագույն բաղադրիչ է։ Հույս ունեմ, որ մենք կհասնենք նման քննարկումների։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ վերաբացման շուրջ ցանկացած քննարկման։ Ինչպես կարգավորման գործընթացի շատ հարցերում, այնպես էլ այդ հարցում գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի քաղաքական կամքից։
– Բոլոր քննարկումները սահմանի բացման մասով վերաբերում են մե՞կ (Շիրակի հատվածում), թե՞ նաև Մարգարայում եղած անցակետին։
– Քաղաքական մակարդակով կա պայմանավորվածություն, որ սահմանի հատումը պետք է հնարավոր դառնա երրորդ երկրների քաղաքացիների համար, իսկ տեխնիկական դետալները, թե որ կետերից հնարավոր կլինի դա անել` մեկ, թե բոլոր կետերից, կքննարկվի շուտով։ Բնականաբար, մենք կուզեինք, որ դա հնարավոր լիներ և՛ Մարգարայով, և՛ հյուսիսից։
– ՀՀ-Թուրքիա գործընթացի մասով արդյոք Ռուսաստանում և Արևմուտքում կա՞ որևէ կոնսենսուս։
– Կարող եմ դատել փաստերով, որոնց համաձայն` առաջին հանդիպումը տեղի է ունեցել ռուսական կողմի աջակցությամբ, մեր ռուս գործընկերները հրապարակայնորեն և ոչ հրապարակայնորեն մշտապես աջակցություն են հայտնել այս գործընթացին և պատրաստակամություն են հայտնել օգնելու ինչով կարող են։ Աջակցություն կա նաև ԱՄՆ-ից, ԵՄ-ից, ըստ էության, աշխարհի բոլոր ուղղություններից կա աջակցություն այս գործընթացին, և սա միանշանակ լավ է, և մենք շնորհակալ ենք մեր բոլոր դաշնակիցներին, բարեկամներին, ընկերներին այդ աջակցության համար։
– Արդյոք նախատեսվո՞ւմ է հատուկ ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել Երևանում կամ Անկարայում։
– Հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ քննարկում այս պահին չկա, բայց բնականաբար ինչ-որ կետում կլինի։ Կարող եմ վերահաստատել այս առնչությամբ արտգործնախարարության հայտարարությունն առ այն, որ նման գործընթացներում ամենակարևորը քաղաքական կամքն է։ Եթե դա կա, մնացած ամեն ինչ դառնում է տեխնիկայի հարց։ Նույն կոնտեքստում տրամաբանական կլիներ, եթե թուրքական կողմը համաձայներ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացմանը, որովհետև ի վերջո, եթե խոսվում է հանդիպումները երկու երկրներում կազմակերպելու մասին, ի հայտ է գալիս նման ցանկություն, ապա ինչու թույլ չտալ, որ երկու երկրների դիվանագետները հատեն սահմանը։
– Քննարկվե՞լ է ընդհանրապես հետագայում դեսպանատների բացման հարցը։
– Ո՛չ, որովհետև մենք, ցավոք, դեռ չենք հասել այդ կետին։ Կարգավորումը կարող է տեղի ունենալ փուլային կամ միանգամից, բայց ցանկացած սցենարում, եթե կարգավորումը տեղի է ունենում, ենթադրաբար դա նշանակում է, որ հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, ինչն էլ ենթադրաբար նշանակում է, որ կարող են լինել դիվանագիտական ներկայացուցչություններ։