Հառիճավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու որմնանկարը կմաքրվի, ամրակայման աշխատանք կիրականացվի

Հառիճավանք համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցի
Ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռումինիայի, Իտալիայի և Ռուսաստանի մասնագետները կզբաղվեն ՀՀ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության խնդիրների լուծմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Աշխատանքային խումբը քննարկել է Հառիճավանք համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և մաքրման էսքիզային նախագիծը, տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ն։
Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է ՀՀ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության խնդիրներով: Հանձնաժողովը քննարկում է որմնանկարների, խճանկարի հուշարձանների մաքրման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը:
Հառիճավանք համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցի
Աշխատանքային խմբում ընդգրկված են ոչ միայն Հայաստանի տարբեր մասնագիտական կազմակերպությունների, այլև Ռումինիայի, Իտալիայի և Ռուսաստանի համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Հայաստան են ժամանել ռուս, ռումինացի և իտալացի մասնագետներ, որոնք խմբի անդամների հետ քննարկել են Շիրակի մարզի Հառիճ գյուղի Հառիճավանք վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում գտնվող որմնանկարի (13-րդ դար) ամրակայման և մաքրման էսքիզային նախագիծը: Այն ներկայացրել են Իտալիայից ժամանած մասնագետներ Արա Զարյանը և Քրիստին Լամուրեն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հառիճավանք համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցի
Հավելենք, որ 7-րդ դարին վերագրվող Հառիճավանքը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ նուրբ զարդաքանդակներով պատված։