Հայերի դեմ ատելության Բաքվի քաղաքականությունը. Սորոսի հիմնադրամը և 4 ՀԿ դիմել են ՄԱԿ-ին

Հայտարարությունը ստորագրել են Հայաստանում գործող հինգ կազմակերպություններ, որոնք արևմտյան հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հայաստանում գործող, արևմտյան ՀԿ-ների և հիմնադրամների կողմից ֆինանսավորվող 5 կազմակերպություններ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։
Զեկույցը պատրաստել են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը (Սորոսի հիմնադրամ), «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
«Արմենոֆոբիայի, հայերի դեմ ատելության խոսքի պետական քաղաքականությունն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, հայկական մշակութային և կրոնական ժառանգության հայկականության դեմ պետական պրոպագանդան, հայերի դեմ էթնիկ ատելության դրդապատճառներով հանցագործությունների բացարձակ անպատժելիությունը, ներառյալ անձանց կենդանության ժամանակ գլխատումները և խոշտանգումները, հանգեցրել են հայերի դեմ ատելության հիմքով հանցագործությունների աճի Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո։Ադրբեջանում գոյություն ունի էթնիկ ատելության և էթնիկ հայերի նկատմամբ խտրականության պետական քաղաքականություն, որը չի վերացվել 2016 թվականի Եզրափակիչ դիտարկումների հրապարակումից հետո, այլ, ցավոք, սրվել է հատկապես ԼՂ հակամարտության համատեքստում և 2020 թվականի պատերազմից հետո»,- ասված է զեկույցում։
Կազմակերպություններն առաջարկել են ՄԱԿ-ի կոմիտեին կոչ անել Ադրբեջանի կառավարությանը վերջ դնել հակահայկական հռետորաբանությանը, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և հանրային տիրույթում՝ ներառյալ նախագահ Ալիևի կողմից, դատապարտել և հետաքննել քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնք ռասայական ատելություն են հրահրում հայերի դեմ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, վերջ դնել հայերի դեմ ատելության հիմքով ոճրագործությունների անպատժելիությանը։
Նրանք հորդորել են կոմիտեին անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել հայերի նկատմամբ ռասայական խտրականության և ատելության պետական քաղաքականությունը վերացնելու, հանդուրժողականությունը խթանելու և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և պատմական ժառանգության նկատմամբ հարգանք և արդյունավետ պաշտպանություն ապահովելու համար։
Սորոսի հիմնադրամը և այլ ՀԿ-ներ պահանջում են չեղարկել Հատիսի վրա Հիսուսի արձանի տեղադրումը