ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Եվրամիությունը բանակցություններ է սկսում Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության շուրջ։ Տեղեկությունը Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Անա Պիզոներոն։
«Շնորհավորում եմ Հյուսիսային Մակեդոնիային և Ալբանիային երկար սպասված օրվա կապակցությամբ։ Այսօր ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկով նոր ճանապարհորդություն է սկսվում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Եվրամիության անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարները հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն։
Գագաթնաժողովում հայտարարվել է նաև, որ պատրաստ են ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել Վրաստանին, եթե նա մի շարք պայմաններ կատարի։
Սպասվում էր, որ առաջընթաց կլինի նաև Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի անդամակցության շուրջ բանակցությունների հարցում: