ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև շուտով կարող են բանակցություններ սկսվել ազատ առևտրի գոտու շուրջ

Լյուդմիլա Վորոբյովայի խոսքով՝ ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև բանակցությունների գործընթացը կարող է սկսվել մինչև ընթացիկ տարվա վերջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտու մասին բանակցությունները կարող են սկսվել մոտ ժամանակներս։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ինդոնեզիայում ՌԴ դեսպան Լյուդմիլա Վորոբյովան։

«Չեմ կարող չնշել, որ այժմ մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի շեմին։ Այդ որոշումն արդեն ընդունվել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կողմից, մնացել է գործնական իրականացումը։ Մենք հույս ունենք, որ մինչև տարեվերջ այդ գործընթացը կմեկնարկի»,- ասել է Ինդոնեզիայում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Այն գործում է 2015 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանը տնտեսական աճով առաջ է անցել ԵԱՏՄ բոլոր երկրներից
ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։