Դոլարը կանխիկացնելիս բանկերը 3 տոկոս պահում են. ո՞րն է պատճառը. ԶԼՄ

Արտարժույթի փոխանակման կետ
Արտարժույթի փոխանակման կետ
Չնայած արտահանմամբ զբաղվողները նույնպես տուժում են նման որոշումներից, սակայն Վարդան Արամյանը նշում է, որ ԿԲ-ն նման որոշում կայացնելու համար իր պատճառն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Դոլարի կանխիկացման դեպքում 3 տոկոս միջնորդավճար պահելը ԿԲ-ի կողմից ֆինանսական կայունությունն ապահովելու պարտավորություն է, որի իրավունքը ԿԲ-ն ունի։ «Հրապարակի» հետ զրույցում ասել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
Վերջին շրջանում Հայաստանի բնակիչները բջջային հաղորդագրություններ են ստանում բանկերից, որոնցում ասվում է, որ այսուհետ տարադրամի կանխիկացման համար գանձվում է 3% միջնորդավճար: Ընդ որում, որոշ բանկեր հայտնում են, որ դա «ժամանակավոր» և «հարկադիր» միջոց է, որը ճգնաժամային իրավիճակով է պայմանավորված։

Թերթի տեղեկություններով` Կենտրոնական բանկն է այս քաղաքականությունը մշակել և պարտադրել բոլոր բանկերին։ Առևտրային բանկերն էլ, մեծ հաշվով, գուցե մեղք չունեն, բայց քաղաքացին ուղիղ կերպով նրանց հետ է շփվում, հետևաբար՝ դժգոհությունն ուղղվում է հենց նրանց։

Արամյանը նշում է` քանի որ ՌԴ-ի նկատմամբ կիրառված սանկցիաների հետևանքով Ռուսաստանում դոլարի դեֆիցիտ է առաջացել, այդ իսկ պատճառով այսօր շատերը նաև Հայաստանից են փորձում դոլար կանխիկացնել և տանել ռուսաստանյան շուկա։
Ուստի այդ ամենը կանխարգելելու, Հայաստանում դոլարի մասով ռիսկերն ապահովագրելու համար, ըստ Արամյանի, ԿԲ-ն որոշել է 3 տոկոսի չափով կանխիկացման միջնորդավճար սահմանել, որպեսզի դժվարացնի կամ նվազ շահագրգիռ դարձնի դոլարի կանխիկացումը, որը հետո կարող է փոխադրվել Ռուսաստան։
Հարցին, թե ԿԲ-ն ունի՞ նման իրավասություն, որ բոլոր բանկերի մասով նման որոշում կայացնի եւ պարտադրի, Արամյանը պատասխանել է.«Եթե Կենտրոնական բանկը ռիսկեր է տեսնում ֆինանսական կայունության հետ կապված, ապա ԿԲ-ն ունի լիազորություն և մանդատ՝ ցանկացած սահմանափակում կիրառել ֆինանսական շուկայում։ Եվ սա աշխարհի փորձն է»։
«Հրապարակի» դիտարկմանը, թե դրանից տուժում են ոչ թե այդօրինակ մեքենայություններով զբաղվողները, այլ նրանք, ովքեր արտահանմամբ են զբաղվում և դրսից դոլար են ստանում, Արամյանն արձագանքել է` նմանատիպ էքստրաօրդինար իրավիճակներում հնարավոր չէ անհատների հարց կարգավորել: