Ավելի խիստ պատժամիջոցներ. 200.000 դրամ տուգանք՝ չնախատեսված վայրում աղբ թափելու համար

Երևան. Արխիվային լուսանկար
Չնախատեսված վայրում աղբ, ծխախոտի մնացորդներ թափողների նկատմամբ պատժամիջոցները կխստացվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը չնախատեսված վայրերում աղբ թափելու համար 200 հազար դրամ տուգանք կսահմանի։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցած գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցեցին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։
«Մշակված նախագիծն արդեն ուղարկվել է տարածքային կառավարման նախարարություն` հաստատման։ Տուգանքի չափը 50.000 դրամից բարձրացվել է 200.000 դրամ»,–զեկուցեցին քաղաքապետին։
Հրաչյա Սարգսյանն իր հերթին նշեց, որ եթե քաղաքացիներն իմանան, որ նվազագույնը 200.000 դրամ տուգանք են վճարելու աղբ թափելու համար, ավելի երկար կմտածեն դա անելուց առաջ։
Ավելի վաղ Sputnik Արմենիան անդրադարձել էր խնդրին։ Երևանի քաղաքապետարանից մեզ հայտնել էին, որ եթե անգամ հայտնաբերվում է ապօրինի աղբ թափելու դեպք և համապատասխան աշխատակիցները կարողանում են ֆիքսել այդ փաստը, խնդիրն այն է, որ եթե այդ պահին տվյալ քաղաքացին իր մոտ անձը հաստատող փաստաթուղթ չունենա, տեխնիկապես հնարավոր չի լինի արձանագրություն կազմել։