ԱՄՆ-ն ակտիվ դեր է խաղում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում. Նեդ Փրայս

ԱՄՆ-ն կարծում է, որ երկխոսությունը լավագույն միջոցն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Երկխոսությունը Հարավային Կովկասում խաղաղության, դեմոկրատական և բարգավաճ ապագայի հասնելու լավագույն միջոցն է, և ԱՄՆ-ն կշարունակի աջակցել դրան բոլոր հնարավոր եղանակներով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտադի՞ր է ակտիվացնել իր դերը Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն իսկ ակտիվ դեր է խաղում այդ գործընթացում։
«Մենք մշտապես հայտարարել ենք, որ այդ հարցում պատրաստ ենք փոխգործակցել մեր գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահի մեր դերով, որպեսզի օգնենք երկրներին հասնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության»,- ասել է Փրայսը։
Նա նշել է, որ վերջին շաբաթներին պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հնարավորություն է ունեցել շփվելու հայաստանցի և ադրբեջանցի գործընկերների հետ։

«Պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը և այլ անձինք հնարավորություն են ունեցել բարձր մակարդակով շփվելու իրենց հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։ Մենք նախկինի պես կարծում ենք, որ երկխոսությունը խաղաղ, դեմոկրատական և բարգավաճ ապագայի հասնելու լավագույն միջոցն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար»,- նշել է նա։

Հիշեցնենք` հուլիսի 17–ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը, Միրզոյանն ու Դոնֆրիդը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցեր։
Հայտնել ենք նաև, որ հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումը:
Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։ Կողմերն անդրադարձել են բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Քննարկվել է նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր են փոխանակվել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
Երևանը և Բաքուն կոնկրետ արդյունքների չեն հասել. Վրաստանի ԱԳՆ-ն` Թբիլիսիի հանդիպման մասին