Զինծառայող Արսեն Մանուկյանի մահվան գործով ձերբակալվել է համածառայակիցը. ՔԿ

Ձերբակալում
Միջնորդություն է ներկայացվել դատախազություն` զինծառայողի համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Մանուկյանի մահվան գործով ձերբակալվել է համածառայակիցը, տեղեկությունը հայտնում է Քննչական կոմիտեն։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր` հուլիսի 14-ին հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։

«Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Մանուկյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։

Միջնորդություն է ներկայացվել դատախազություն Մանուկյանի համածառայակցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: