«Ոսկե ծիրան» կինոփառատոնն ավարտվեց. հայտնի են մրցանակակիրները

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն էր իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն ավարտվեց, հայտնում են փառատոնի լրատվական ծառայությունից։ Հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Լի Ժույծյունի «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմը։ Արծաթե ծիրան ստացավ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Սիրիլ Շեյբլինի «Խմորումը»։
Պետեր վան Բյուրենի անվան Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Քուրդուին Այուբի «Արևը», Արծաթե ծիրանի՝ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Զայնե Աքյոլի «Ռոժեքը»։ FIPRESCI մրցանակ ստացավ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Մոհամադռեզա Ֆարզդի «Ենթագումարներ»-ը։ Արծաթե ծիրան ստացավ Անա Ջեգնարաձեի և Մարիտա Թեվձաձեի «Մեռածները կհասկանան» ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Ահմադ Սալեհի «Գիշերը»։
Օսկարակիր ռեժիսորներ, «Ոսկե արմավենու» դափնեկիրներ. «Ոսկե ծիրանի» բացումը՝ լուսանկարներով
Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ ստացավ Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատեսը» (լավագույն հայկական կարճամետրաժ):
«Խոստում լավագույն մարդասիրական ֆիլմ» հատուկ մրցանակ ստացավ Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը»։
Մրցանակաբաշխության արարողությանը հաջորդեց Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրությունը։
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվեց հուլիսի 10-17-ը։
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն էր իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։