Վերջին մեկ շաբաթում գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ. ԱԻՆ

Հրդեհների մեծ մասը գրանցվել է Երևան քաղաքում, Տավուշի, Կոտայքի և Լոռու մարզերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի-Sputnik. ԱԻՆ 911 ծառայությունում վերջին մեկ շաբաթում գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34 տոկոսով ավելի է։ Այսօր հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը։

«Եթե նախորդ տարի գրանցվել էր 169 դեպք, ապա այս տարի գրանցվել է 277-ը։ Բայց ամեն ինչ վերահսկողության տակ է, ԱԻՆ-ում մեր ուժերն ու միջոցները բավարար են»,- ասաց նա։

Նրա խոսքով` հրդեհների մեծ մասը գրանցվել է Երևան քաղաքում, Տավուշի, Կոտայքի և Լոռու մարզերում։
ԱԹՍ-ով հետևում են՝ հրդեհ չլինի․ ի՞նչ կանխարգելիչ միջոցներ է ԱԻՆ-ը կիրառում
Միևնույն ժամանակ, նախորդ տարվա հունիս-հուլիս ամիսների համեմատ հրդեհների դեպքերը նվազել են։ Դեպքերի աճը նկատվել է միայն վերջին շաբաթվա ընթացքում։
Նշված ժամանակահատվածում հրդեհներից տուժածներ չեն եղել։

«Եթե նախորդ տարի հուլիսի 1-17-ը գրանցվել էր հրդեհի 525 դեպք, ապա այս տարի գրանցվել է 395 դեպք։ Այսինքն` դեպքերի թիվը մոտ 25 տոկոսով նվազել է»,- ասաց նա։

Նշենք, որ հրդեհների թվի մեծ մասը կազմում են խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհները։
Հիշեցնենք` հուլիսի 14-ին, ՀՀ կառավարության նիստում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հայտարարել է, որ բարձր ջերմաստիճանի պատճառով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջիկա օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով։