Աշտարակում տղամարդը քաշել է նռնակի օղակն ու սպառնացել պայթեցնել իրեն. մանրամասներ

Ոստիկանները վնասազերծել են նռնակը՝ պայթուցիչի օղակի փոխարեն մալուխ ամրացնելու միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Նռնակով իրեն պայթեցնել սպառնացող 37-ամյա տղամարդը վնասազերծվել է. ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դեպքից։
Այսպես, հուլիսի 16-ին, ժամը 22-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի սուպերմարկետի մոտ մի տղամարդ սպառնում է նռնակով պայթեցնել իրեն։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ տղամարդը Բյուրականի բնակիչ է։

«Տղամարդը սպառնում էր պայթեցնել իրեն, եթե չվերադարձնեն իր երեխային, որը բնակվում է նախկին կնոջ հետ։ Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը կամավոր նստել է ոստիկանական մեքենան ու տեղափոխվել Աշտարակի բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժնում բացատրական աշխատանքը շարունակվել է, ինչի արդյունքում նռնակը վնասազերծվել է՝ պայթուցիչի օղակի փոխարեն մալուխ ամրացնելու միջոցով։
37-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։