ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Շվեյցարիայի իշխանությունները, երկրի չեզոքության դիրքորոշումը հաշվի առնելով, մերժել են Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորականների և քաղաքացիական անձանց բուժման հարցով ՆԱՏՕ-ի հայտը։ Այս մասին գրում է շվեյցարական Tages-Anzeiger թերթը։
Պարբերականի տվյալներով՝ մայիսին Շվեյցարիան հարցում է ստացել ՆԱՏՕ-ի կառույցներից մեկից՝ Տարերային պատահարների և աղետների արձագանքման Եվրատլանտյան համակարգող կենտրոնից, որով խնդրում են բուժման ընդունել Ուկրաինայում մարտական գործողությունների հետևանքով տուժած զինվորականների և քաղաքացիական անձանց: Կանտոնները պատրաստակամություն են հայտնել օգնել տուժածներին, իսկ շվեյցարական բանակի Համակարգող բժշկական ծառայությունը, ԱԳՆ-ն և Հանրային առողջապահության դաշնային դեպարտամենտը հարցման վերլուծություն են սկսել:
«Այդ հետաքննությունները երեք շաբաթ են տևել։ Հունիսի կեսերին ԱԳՆ-ն մյուս գերատեսչություններին ուղղված ուղերձում գրել է, որ ինքը մերժել է բուժման ընդունել՝ իրավական և գործնական պատճառներով»,- գրում է շվեյցարական պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ ԱԳՆ-ի դիրքորոշումը վճռորոշ է եղել բանակի Համակարգող բժշկական ծառայության համար, ինչի պատճառով, ստացված հայտն ապահովող միջոցառումները «չեղարկվել են»։
Շվեյցարիայի ԱԳՆ-ի համար առանցքային փաստարկ է դարձել միջազգային իրավունքին համապատասխան չեզոք պետության կարգավիճակի հնարավոր խախտումը։ Մասնավորապես, Ժնևի կոնվենցիաներից մեկը և 1907 թվականի Հաագայի կոնվենցիան չեզոք երկրներից պահանջում են ապահովել, որ վերականգնումից հետո զինվորականները չկարողանան կրկին մասնակցել մարտական գործողություններին։