ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Իրանը Ռուսաստանի բարեկամն ու գործընկերն է, և Մոսկվան շատ է գնահատում երկկողմ հարաբերությունները։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Իրանի պետական հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք շատ ենք գնահատում մեր հարաբերությունները և մեծ նշանակություն տալիս դրանց։ Ուրախալի է, որ երկու երկրների նախագահները մշտական շփման մեջ են», - ասել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար հավելել է, որ վերջին մի քանի տարիներին նոր թափ է հաղորդվել ՌԴ-ի և Իրանի միջև տնտեսական ու քաղաքական հարաբերությունների զարգացմանը:
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Իրանն իրենց համագործակցությամբ կարող են նվազագույնի հասցնել պատժամիջոցների հետևանքները:
Նա նշել է, որ Իրանը, տևական ժամանակ լինելով պատժամիջոցների տակ, կարողացել է մեծացնել իր ժողովրդի բարեկեցությունը՝ չնայած սահմանափակումներին: «Ռուսաստանը նույնպես սովոր է պատժամիջոցների»,– ասել է Պեսկովը՝ հավելելով, որ երկրի դեմ սահմանափակումներ են մտցվել դեռ ԽՍՀՄ–ի ժամանակներից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 145-րդ օրը։