ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին առանձին հետախուզական ծառայություն ստեղծելու դեպքում․ Նարիշկին

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Երևանում
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Երևանում
Սերգեյ Նարիշկինի խոսքով՝ Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման դեպքում։ Այս մասին Երևանում հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։
Նարիշկինի խոսքով՝ արտաքին հետախուզության առանձին ծառայություն ստեղծելը կամ չստեղծելը, իհարկե, Հայաստանի քաղաքական ղեկավարության իրավասությունն է:
«Ռուսաստանը, մեր արտաքին հետախուզության ծառայությունը ինչ ձևաչափով էլ աշխատենք մեր հայ գործընկերների հետ, ցանկացած մեթոդաբանական օգնություն, աջակցություն կցուցաբերենք։ Մենք նույնքան հուսալիորեն և հետևողականորեն կփոխգործակցենք, որքան մինչև օրս ենք փոխգործակցել»,- նշել է Նարիշկինը։
Նա ավելացրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծեն։
Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Անվտանգության խորհուրդը գործընկերների հետ խորհրդակցություններ է սկսել արտաքին հետախուզության ծառայության ստեղծման հարցով:
Բացի այդ, դեռևս նախորդ տարվա օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, հայտնել էր, որ իշխանությունները արտաքին հետախուզության ծառայություն կձևավորեն հինգ տարվա ընթացքում։
Ի՞նչ է քննարկել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ