«Փորձագիտական կենտրոնի» 281մլն դրամ արժեքով շինություններն օտարվել են 20 անգամ պակաս գնով

«Փորձագիտական կենտրոնի» շինություններն օտարվել են 12 մլն 997 հազար դրամով, այն դեպքում, երբ հիմա դրանց արժեքը 281 միլիոն դրամ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող 281 միլիոն դրամ արժեքով շինություններն օտարվել են ավելի քան 20 անգամ պակաս գնով, տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
Ուսումնասիրվել է պետական գույքի կառավարման վարչության ենթակայության՝ Մասիս քաղաքում գտնվող «Փորձագիտական կենտրոնին» պատկանող 2993.7 քմ մակերեսով շինությունների օտարման գործընթացի համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Արդյունքում պարզվել է, որ գնահատող ընկերությունը 2017թ. իրականացրել է նշված շինությունների գնահատում։ Տրված եզրակացությամբ դրանց արժեքը 12 մլն 997 հազար դրամ է եղել, սակայն այդ եզրակացությունը գլխավոր դատախազությանը չի տրամադրվել այն հիմնավորմամբ, որ այն գույքի օտարման գործից բացակայում է: Պարզվել է, որ ընկերության և պետգույքի կառավարման վարչության միջև գնահատման ծառայությունների մատուցման գործընթացն իրականացվել է առանց ծառայությունների մատուցման պայմանագրի։

«Մրցույթի արդյունքում 2018-ին կնքված պայմանագրով «Փորձագիտական կենտրոնին» պատկանող շինություններն օտարվել են 12 մլն 997 հազար դրամով։ Բայց գնորդը նշված գույքը շուրջ 1 տարի անց վերավաճառել է 37 միլիոն դրամով կամ սկզբնական գնահատման և վաճառքի արժեքից շուրջ 3 անգամ ավելի գնով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կադաստրի կոմիտեի «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն՝ 2022-ի դրությամբ նշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 281 միլիոն դրամ է։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված 446-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական անփութության հատկանիշներով նախատեսված արարքի մասին վկայող տվյալներ՝ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար: