Կրկին պետք է սկսել պահպանել հակահամաճարակային կանոնները. մասնագետները` Covid-ի աճի մասին

Դիմակ
Կորոնավիրուսով վարակվելու դեպքերն ավելացել են ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի շատ երկրներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հայաստանում հերթական անգամ կորոնավիրուսային հիվանդության աճ է նկատվում։ Մեկ շաբաթում վարակվածների թիվն ավելացել է 629-ով։ Sputnik Արմենիան այս հարցի շուրջ զրուցել է համաճարակաբան Արմեն Օհանյանի և հանրային առողջության փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյան հետ։
Արմեն Օհանյանը նշում է, որ որևէ հստակ ու մարդկային գործոնով պայմանավորված պատճառ չկա, թե ինչու կրկին սկսեցին դեպքերը շատանալ, ուղղակի հիվանդության ընթացքն է այդպիսին։
«Վարակի տարածման պայմանները ստեղծվում են այն պատճառով, որ շատերը չունեն բավարար իմուն համակարգ, վիրուսն էլ փոփոխությունների է ենթարկվում»,– նշեց Օհանյանը։
Մասնագետը շեշտեց, որ պետք է կրկին սկսել իրականացնել հակահամաճարակաբանական միջոցառումները` պահպանել սոցիալական հեռավորություն, հատկապես փակ տարածքներում դիմակ դնել, հաճախակի լվացվել, ախտահանել տարածքը և այլն։
Նա նաև հիշեցրեց, որ հատկապես ռիսկի խմբում գտնվող բոլոր անձինք պետք է պատվաստվեն, իսկ պատվաստված լինելու դեպքում ստանան բուստերը։
«Կարծում եմ` այս անգամ հիվանդությունը կլինիկապես ավելի թեթև է ընթանում, ծանր ու մահացության դեպքեր կարող են լինել, սակայն տոկոսային առումով դրանք ավելի քիչ կլինեն»,– ասաց Օհանյանը։
Մելիք-Նուբարյանն էլ ընդգծեց, որ ամբողջ աշխարհում վարակվածության թվերն աճել են, և Հայաստանն էլ բացառություն չէ։ Երկրում հիվանդացության աճը դեռևս այնքան բարձր չէ, ինչպիսին 4-րդ կամ 5-րդ ալիքի ժամանակ էր։ Նրա խոսքով` այս պահին ՀՀ–ում իրավիճակը կառավարելի է։
«Սա կանխատեսելի իրավիճակ է, և մենք մշտապես ասել ենք, որ քովիդը դառնալու է մեզանում շրջանառվող վարակներից մեկը և պարբերաբար բռնկումներ է առաջացնելու։
Մելիք-Նուբարյանը նույնպես շեշտեց, որ կանխարգելիչ միջոցառումները մնում են հակահամաճարակային կանոնների պահպանումը, իսկ պատվաստումներն օրակարգից ոչ ոք չի հանել։
Կորոնավիրուսը դեռ շուտ չի լքի մեզ. ԱՀԿ ղեկավար