ՌԱԴԻՈ

Իրանը փորձում է չեզոքացնել Թուրքիայից եկող մարտահրավերները. Վարդանյան

Իրանագետ Ժաննա Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թեհրանում նախանշված Իրան-Ռուսաստան-Թուրքիա հանդիպմանը` երեք երկրների նախագահների մակարդակով։
Sputnik
Առճակատման գնալով հարցերը չեն լուծվի, հետևաբար Իրանը փորձում է վարել բազմավեկտոր քաղաքականություն` ամրապնդելով համագործակցությունը Թուրքիայի հետ, ինչպես նաև խթանելով փոխգործակցությունը ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Նրա կարծիքով` հակասություններ կան հիմնականում Թուրքիա-Իրան և Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում, և այդ հակասությունները դրսևորվում են տարբեր տարածաշրջաններում, օրինակ` Հարավային Կովկասում, որտեղ Ռուսաստանն ու Իրանը գործընկերներ են, և վերջինս ձգտում է սահմանափակել Թուրքիայի ազդեցության տարածումը, այն է` թույլ չտալ, որպեսզի Հայաստանի սահմանով անցկացվի միջանցք` դրանով իսկ բացառելով պանթյուրքիստական ամբողջական առանցքի ձևավորումը։

«Իրանը զգում է Թուրքիայից եկող մարտահրավերները, ուստի փորձում է դրանք չեզոքացնել` մեծացնելով իր քաղաքական ու տնտեսական ներկայությունը կովկասյան տարածաշրջանում։ Իրանն ու Ռուսաստանն իրենց հերթին միջազգային պատժամիջոցների կիրառումից հետո ավելի են խորացրել երկուստեք համագործակցությունը տարբեր ոլորտներում, ակտիվորեն կազմակերպվում են փոխայցելություններ, փորձում են առևտուրն իրականացնել ազգային փոխարժույթներով և ստեղծել հարաբերությունները շարունակելու սեփական մեխանիզմներ»,- նշեց իրանագետը։

Վարդանյանի փոխանցմամբ` իրանական կառավարամերձ մամուլն ընդգծում է նաև համագործակցությունը Աստանայի ձևաչափով և շեշտում, որ եռակողմ հանդիպումը կարող է Սիրիայի ճգնաժամով պայմանավորված տարաձայնությունները լուծելու միջոց հանդիսանալ։

«Թուրքիան նախապես հայտարարել էր Սիրիայում նոր գործողություն իրականացնելու մտադրության մասին, մինչդեռ Իրանը դեմ է արտահայտվել` հանդես գալով արաբական երկրի տարածքային ամբողջականության պահպանման օգտին։ Թուրքիայի գործողությունները Սիրիայում երբեք չեն բխել Իրանի շահերից, և այդ առումով` երկու երկրները եղել են հակառակ բևեռներում, մինչդեռ Աստանայի գործընթացը տվյալ երկրներին հնարավորություն տվեց բաշխում իրականացնել իրենց գործողություններում և որոշ չափով հարթել տարաձայնությունները»,- փոխանցեց իրանագետը։

Նշենք, որ հուլիսի 19-ին Թեհրանում նախատեսված է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով, որի ընթացքում կքննարկվեն Սիրիայում ընթացիկ իրադարձությունները, պայքարը ահաբեկչական կազմակերպությունների դեմ, քաղաքական կարգավորման ջանքերը, հումանիտար իրավիճակն ու տարածաշրջանային այլ հարցեր։
ՌԴ–ն և Իրանը կարող են համագործակցել պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու համար
Իրան-Ռուսաստան-Թուրքիա ձևաչափը գործում է 2017 թվականից, եռակողմ վերջին հանդիպումը կայացել է 2019 թվականին։