Խորհրդային տաղաչափության հպարտություն, բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին գրում էր. «Да будь я и негром преклонных годов, и то, без унынья и лени, я русский бы выучил только за то, что им разговаривал Ленин»։
Երկու անճշտություն` մեկ քառատողում. քաղաքական կոռեկտության բացակայություն (ինչո՞ւ «նեգր», ոչ թե «աֆրոամերիկացի»), բացի այդ, ռուսաց լեզու սովորել միայն այն բանի համար, որ Լենինն է խոսել այդ լեզվով, բանաստեղծը նույնպես չափազանցրել է։
Իսկ ահա կոմս Իվան Լազարևը, որը 1815 թվականին Մոսկվայում հիմնեց արևելյան լեզուների ինստիտուտը, ճիշտ նշանակետին խփեց. հաստատությունում ուսանում էին ինչպես հայեր, այնպես էլ ոչ հայեր։ Մինչդեռ ռուսաց լեզուն Հայաստանում այդ ընթացքում կարևոր դեր սկսեց խաղալ։ Բայց XX դարի սկզբին հայերի միայն 3-4%-ն էր կարողանում գրագետ գրել կամ նորմալ խոսել ռուսերեն։
... Վանիկ և Մանան Հակոբյանների որդին` Գարիկը, ծնվել է նույն հարյուրամյակի երկրորդ կեսին և նախադպրոցական տարիքի տիպիկ երևանյան «թաթալաբազ» էր, որն անդարդ զվարճանում էր Մայակովսկու անվան ռուսական և Մարքսի փողոցի տներից մեկի բակում ծվարած հայկական դպրոցների միջև ընկած տարածքում։ Իսկ դրանց արանքում «Կոմայգին» էր` ռաբիս ժանրի երաժիշտների հավաքատեղիով։
Հակոբյանների ընտանիքում խոսում էին ծորուն և ոչ միշտ գրական հղկված հայերենով, բայց որքան մեծ էր հարևանների զարմանքը, երբ անտեսելով քթի տակ գտնվող հայկական ուսումնական հաստատությունը, ծնողները Գարիկին տարան Մայակովսկու անվան դպրոց։ Բայց է՛լ ավելի զարմանալի էր այն, որ ռուսաց լեզվի բավական խղճուկ իմացության ու բառապաշարի պարագայում ընդունելության հարցում նրան չմերժեցին։
Գարիկին, Վանիկին և Մանանին մենք դեռ կվերադառնանք, իսկ հիմա դեռ այն լեզվի մասին խոսենք, որը նախկինի պես Հայաստանում շարունակում է մնալ ամենատարածված օտար լեզուներից մեկը։
Այո՛, անկախության ձեռքբերումից հետո ռուսերեն խոսողների թիվը կրճատվեց, այնուամենայնիվ, իրենց հողի վրա ապրող հայերի շուրջ 70%-ն այսօր էլ բավական տանելի բացատրվում է ռուսերենով, Ռուսաստան մշտական բնակության տեղափոխվողների համար էլ լեզվային միջավայրը միայն շահավետ է։
Ճիշտ է, անգլերենն էլ Հայաստանում ոչ ոք չի չեղարկել, նույնիսկ հակառակը, բայց հեռացողներն, ամեն դեպքում, հաջողություն են փնտրում ոչ թե Մեծ Բրիտանիայում կամ Միացյալ Նահանգներում, այլ Ռուսաստանի տարածքում։ Այլ հարց է, թե ինչու է այդպես, բայց Մոսկվայում գրագետ ռուսերեն խոսող հայն ու «моя», «твоя»-ն խառնողը բոլորովին տարբեր հայեր են։
Հեռավոր խորհրդային տարիներին բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանը հանդես էր գալիս ռուսական դպրոցներում հայոց լեզվի խորացված ուսումնասիրման օգտին, և դրա հետ դժվար էր չհամաձայնել։ Սեփական փորձովս գիտեմ` և՛ «հայոց լեզու», և՛ «հայ ժողովրդի պատմություն» առարկաները ռուսական դպրոցներում իմիջիայլոց էին դասավանդում` ֆակուլտատիվ, հընթացս... Թեպետ դպրոցական կրթության բացերը հետագայում լրացվում էին ինքնակրթությամբ, բայց դա էլ` ով ինչպես կորոշեր իր համար։ Կարճ ասած` վատը վատ է։
Միևնույն ժամանակ, հայերենին սատարելով` Կապուտիկյանը ռուսաց լեզուն չէր տապալում կամ նսեմացնում, այդ լեզվով ավելի շատ էր հրատարակվում, քան հայերեն, ու դա լավ էր։
Հիմա այն մասին` ինչն է ավելի լավ։ Ովքեր ռուսաց լեզվով և գրականությամբ տարված` դպրոցից հետո ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետ էին ընդունվում, նրանց բախտը բերում էր. բանասիրականում կարելի էր ոչ միայն ուսանել, այլև շատ բան սովորել։
Դառնամ սիրածս գործին` անունների հրապարակմանը, տվյալ դեպքում` 60-ականների բանասիրության ականավոր գործիչների. Ռաֆայել Մելքումյան` ԵՊՀ ռուսաց լեզվի ամբիոնի առաջին հիմնադիր, Արարատ Ղարիբյան, Հրանուշ Մարգարյան, Գևորգ Ջահուկյան, Հակոբ Սալախյան, Լևոն Ներսիսյան, Գաբրիել Աղաբաբյան, Բելլա Եսաջանյան։ Ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, գիտության դոկտորներ։ Բոլորն իմ ուսուցիչներն են։
Ամբողջ ցանկը ներկայացված չէ, նշված չէ այն ամենը, ինչն այդ տարիներին օգնում էր ռուսերենով բացատրվել ազատ, հստակ, առանց կմկմալու։ Օգնում էին հեռուստատեսությունը, ռադիոն, գրքերը, թերթերն ու ամսագրերը։
Հընթացս մեկ այլ բանի մասին։ Ուշադրություն դարձրե՞լ եք. այսօր հայերեն խոսքի մեջ որևէ ռուսերեն բառ օգտագործելիս, չգիտես ինչու, ներողություն ենք խնդրում, իսկ հայերենից անգլերենի կամ ֆրանսերենի անցնելու դեպքում որևէ մեկնաբանություն չի արվում։ Ո՞րն է պատճառը։
Վերադառնամ Գարիկին, Վանիկին, Մանանին և Գարիկի տատին` Արաքսին, որը «Հրազդան» կառավարական հյուրանոցի տնտեսական մասի պատասխանատուն էր։
«Հրազդանում» ոչ բոլորը կարող էին կանգ առնել։ Բանաստեղծ Միխայիլ Դուդինը կարող էր։ Չգիտեմ՝ ինչի մասին են խոսել Կոստրոմայի նահանգում ծնված Դուդինն ու վանեցի Արաքսը, բայց այն պահին, երբ Գարիկին պետք է դպրոց ուղարկեին, Արաքսը հայտարարեց, որ տղան բացառապես ռուսական դպրոց է հաճախելու։ Բոլոր նրանք, ովքեր ծանոթ էին այս ընտանիքի նիստուկացին ու Արաքս տատի դերին այդ ընտանիքում, կարող էին առանց վարանելու ասել, որ այդպես էլ լինելու է։
Հակոբյաններին մոտ մարդիկ (իսկ մենք ավելի քան մոտ էինք ապրում` նույն շենքում, միայն թե մեկ հարկ վերև) գիտեին նաև հրուշակեղեն պատրաստելու` Մանանի բացառիկ կարողությունների մասին։ Զարմանալի չէր, որ Գարիկի ուսանելու առաջին տարիներին Մանանը քաղցրավենիքներով լի տուփերով ժամանակ առ ժամանակ հատում էր «Կոմայգին»` ճանապարհ բռնելով դեպի Մայակովսկու անվան դպրոց։ Բարո՛վ վայելեք։
... Շատ տարիներ կանցնեն, և Մոսկվայի Տվերսկոյ բուլվարի վրա գտնվող Ելիսեյան հանրախանութում մեջքիս հետևում կլսեմ մաքուր ռուսերենի հետ համեմված «ջան» հարազատ բառը։ Կշրջվեմ և կտեսնեմ երկու արդեն ոչ այնքան երիտասարդ տղամարդկանց։
- Բարև՛ Ձեզ։ Չե՞ք հիշում,- կժպտա նրանցից մեկը և հասկանալով, որ չեմ հիշում, կհուշի. «Երևան, Մարքսի փողոց, Վանիկ, Մանան, ես էլ Գարիկն եմ...։
Դպրոցն ավարտելով` Գարիկը մեկնել էր ՌԴ մայրաքաղաք` Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետ ընդունվելու։ Ընդունվել էր, գերազանցությամբ ավարտել, ասպիրանտուրայում շարունակել։ Դարձել էր բանասիրական գիտությունների թեկնածու, այնուհետև պաշտպանել դոկտորականը, զուգընթաց հինդի էր ուսումնասիրել, Անտանանարիվույում (Մադագասկար) ռուսաց լեզվի ամբիոնն էր գլխավորել։ Ապրում է Սանկտ Պետերբուրգում։
Այս ամենի մասին Գարիկը պատմեց հայերեն։ Երևանում հաճախ է լինում, երկրպագում է «Արարատին» (այն ժամանակ երկրպագելու բան կար), սիրում է Քուչակի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները։ Ռուս բանաստեղծներից ամենից լավ գիտի Միխայիլ Դուդինին։