ՌԱԴԻՈ

Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը կշահարկվի Ադրբեջան-ԵՄ էներգետիկ ծրագրերում. Մարջանյան

ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետը համոզված է, որ գազի հարցում աշխարհաքաղաքական մասշտաբների առևտուր է լինելու։
Sputnik
Ադրբեջանն իր գազի պաշարներով չի կարող շոշափելի ծավալներով գազի մատակարար լինել Եվրոպայի համար, որովհետև Ադրբեջանից գազի արտահանումները կազմում են Եվրոպայում գազի տարեկան սպառման մոտ մեկ տոկոսը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 18-ին Բաքվում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։ Լյայենն ավելի վաղ հայտարարել էր, որ ադրբեջանական այցի նպատակը եվրոպական շուկա ադրբեջանական գազի մատակարարումն ավելացնելու մասին փաստաթուղթ ստորագրելն է, և կողմերը մտադիր են առաջիկա մի քանի տարիներին կրկնապատկել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները։

«Եվրոպական ծրագրերը հնարավոր կլինի իրականացնել միայն այն դեպքում, երբ գործարկվի թուրքմենական գազը տրանսկասպիական երթուղով Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա հասցնելու տարբերակը»,- ասաց Մարջանյանը։

Նրա կարծիքով` Եվրոպան առաջիկա 3-5 տարիներին շահագրգիռ կլինի տրանսկասպիական գազային ու նավթային ծրագրերի իրականացմամբ, մինչդեռ Իրանն ու Ռուսաստանը, դեմ լինելով այդ ծրագրին, առաջարկում են էներգակիրների փոխադրման այլընտրանքային տարբերակներ։
«Աշխարհաքաղաքական առումով 2011 թվականից հետո, երբ ակնհայտ դարձավ Ազերի-Չիրաք-Գյունեշլի նավթադաշտի հետ կապված ծրագրի խափանումը, Ադրբեջանի համար սկսվեց արդեն գազային դարաշրջանը։ Հիմա նախատեսվում է երկուստեք կնքել համաձայնագիր, որով Եվրոպան Ադրբեջանին կդիտարկի որպես Հարավային Եվրոպային և Բալկանյան տարածաշրջանին գազ մատակարարող երկիր։ Այդ ծրագիրն ավելի շատ ունի աշխարհաքաղաքական նշանակություն, զուրկ է էներգետիկ հենքից, և տեղին կլինի զուգահեռ անցկացնել 1994 թվականի հետ, երբ ակտիվորեն քննարկվում էին Ազերի-Չիրաք-Գյունեշլի նավթադաշտի, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հետ կապված ծրագրերը»,- մանրամասնեց Մարջանյանը։
Նրա դիտարկմամբ` Եվրոպան ուզում է սահմանափակել իր կախվածությունը Ռուսաստանից, ստեղծել հնարավոր այլընտրանքներ եվրոպական երկրների համար` նվազեցնելով ռուսական ազդեցությունը նաև Կասպյան ավազանում։
Ավագ եղբայրն ուզում է առաջատար դառնալ ամբողջ աշխարհում, կրտսերը՝ Հարավային Կովկասում
«Վստահաբար կլինի աշխարհաքաղաքական մասշտաբների առևտուր, և ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումն անկասկած կշահարկվի Ադրբեջան-ԵՄ էներգետիկ ծրագրերում ճիշտ այնպես, ինչպես 1994-95 թվականներին, երբ գերիշխող էր նավթային տրամաբանությունը»,- ասաց էներգետիկ փորձագետը։
Մարջանյանը հիշեցրեց, որ տարբեր երկրներ փորձում են հակազդել վերոհիշյալ գազային ծրագրերին, մասնավորապես Իրանն առաջարկում է իր տարանցիկ հնարավորություններն ու պնդում թուրքմենական գազն արտահանել իր տարածքով։ Ըստ նրա` Հայաստանը նույնպես իր չափաբաժնով կարող է օգտագործել իրավիճակն իր շահերը սպասարկելու համար` կոնկրետ առաջարկելով տարանցիկության իր հնարավորությունները։
Հիշեցնենք` Ադրբեջանը դեպի Եվրոպա որոշակի ծավալներով գազ սկսեց մատակարարել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից։ Անցյալ տարի մատակարարված գազի ծավալները կազմել են մոտ 8 միլիարդ խ/մ, ծրագրվում է 2023 թվականին Ադրբեջանից մատակարարել մոտ 10 միլիարդ խ/մ գազ։