ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Գերմանիայի կառավարությունը մտավախություն ունի, որ գազի դեֆիցիտը կարող է առաջիկա ձմռանը երկրի առանձին շրջաններում արտակարգ իրավիճակների հանգեցնել, իսկ գազի խնդիրը Գերմանիայում կպահպանվի ընդհուպ մինչև 2024 թվականը, ինչն իր հերթին կարող է հանգեցնել դրա գնի եռակի աճի։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Bild-ին:
Օրեր առաջ Գերմանիայի կանցլերի գրասենյակի ղեկավար Վոլֆգանգ Շմիդտը հանդիպում է հրավիրել հողային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել է գազի ճգնաժամը: Bild-ը նշում է, որ հայտնի են դարձել քննարկումների մանրամասները։
Թերթի տվյալներով՝ նույնիսկ եթե գազի դեֆիցիտի պատճառով արտակարգ իրավիճակը չտարածվի ամբողջ Գերմանիայում, ապա դրանից անմասն չեն մնա առանձին դաշնային շրջաններ:
Նշվում է, որ գազի խնդիրը Գերմանիայում կպահպանվի մինչև 2024 թվականը: Դաշնային կառավարությունն ակնկալում է գազի գնի կրկնակի կամ եռակի թանկացում, ընդ որում՝ պետությունը չի կարողանա լիովին մեղմել գների աճը, ինչը կազդի քաղաքացիների գրպանների վրա, նշված է հրապարակման մեջ:
Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլերը հուլիսի 17-ին հայտարարել է, որ Գերմանիայի գազապահեստարանների լցվածության մակարդակը բավարար չէ ձմեռային սեզոնն առանց ռուսական գազի անցկացնելու համար: Միաժամանակ, նա նշել է, որ ցանկացած սցենարի դեպքում Գերմանիան առանց գազի չի մնա։