ԵՄ–ն պատժամիջոցների նոր ցանկում ներառել է ՌԴ փոխվարչապետին ու ևս 47 մարդու

Հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում ներառված են նաև 9 կազմակերպություն, այդ թվում` Սբերբանկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ԵՄ–ի պատժամիջոցային նոր ցանկում 48 մարդ է հայտնվել, այդ թվում` ՌԴ փոխվարչապետն ու մարզային քաղաքական գործիչներ, ինչպես նաև 9 կազմակերպություն, որոնց թվում է նաև Սբերբանկը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«ԵՄ–ի պատժամիջոցային ցանկում կավելացվի ևս 48 մարդ և 9 կազմակերպություն, այդ թվում` ՌԴ փոխվարչապետներից մեկն ու մի քանի մարզերի քաղաքական առաջնորդներն ու Սբերբանկը», – ասել է Սիյարտոն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 145-րդ օրը։