ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Եվրահանձնաժողովը էներգետիկ ճգնաժամի հաղթահարման միջոցառումների շրջանակում կառաջարկի փոխարինել գազը վառելիքի այլ տեսակներով, նույնիսկ եթե դրանք աղտոտում են շրջակա միջավայրը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Pais թերթին:
Ինչպես գրում է Pais-ը, «ԵՄ-ն պատրաստվում է թուլացնել արտանետումների վերահսկողությունը, որ փոխհատուցի ռուսական գազի պակասն այլ, ավելի շատ աղտոտող էներգիայի աղբյուրներով»:
Բացի այդ, Բրյուսելն անհրաժեշտ է համարում ածխի հաշվին վերականգնել արտադրությունը։
«Բրյուսելը, ըստ ծրագրի, հանդես է գալիս ընթացիկ բնապահպանական պահանջների թուլացման օգտին, որ նպաստի փոփոխություններին, այդ թվում՝ խրախուսելով դա պետական սուբսիդիաների հաշվին», - գրում է Pais-ը:
Եվրահանձնաժողովի «Խնայեք գազը հանուն անվտանգ ձմռան» ծրագիրը, որը, ինչպես սպասվում է, կընդունվի հուլիսի 20–ին, ցույց է տալիս, որ վերջին շաբաթներին ռուսական գազի ստացման նվազումը կանխատեսում է «մատակարարումների հավանական վատթարացում»: Բացի այդ, դրանում պաշտպանվում է ԵՄ-ի կողմից «նման ռիսկ կանխատեսելու անհրաժեշտությունը և հորդորում է համերաշխության ոգով պատրաստվել երկարատեւ, հնարավոր է նաև ՌԴ-ից գազի մատակարարումների համատարած խափանմանը, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»:
Ինչպես նշվում է, փաստաթուղթը կոչ է անում եվրոպական մակարդակով անհապաղ միջոցներ ձեռնարկել գազի սպառման կրճատման ուղղությամբ, ինչպիսիք են օդորակման ու ջեռուցման համակարգերում թերմոստատների սահմանափակումը կամ առանձին ոլորտներում արտադրության մակարդակի նվազեցումը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 145-րդ օրը։